«Голос Армении». ԲՀԿ-ն թափահարում է բռունցքները «կռվի» ավարտից հետո
«Չնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոյկոտել էր ԱԺ-ում 2011թ-ի պետ. բյուջեի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման նիստը` ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել է, թե իր կուսակցությունը դեմ է 2011թ-ի պետ. բյուջեի կատարման վերաբերյալ զեկույցին»,-տեղեկացնում է «Голос Армении»-ն` նշելով, որ ԲՀԿ-ի պահվածքը նմանվում է կռվից հետո բռունցքները թափ տալուն:
Թերթը հիշեցնում է, որ 2011թ-ի պետ. բյուջեի կատարման ժամանակ ԲՀԿ-ն կոալիցիոն կառավարության անդամ էր և 4 նախարարական պորտֆելների տեր, որոնցից ամենակարևորագույններից էր աշխատանքի և սոցիալական ապահովությունների նախարարությունը: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանի գործունեության ընթացքում փակվել է վճարվող հասարակական աշխատանքների ծրագիրը, մի քանի տարի պետ. բյուջեով չի նախատեսվում մանկատան սաների ապահովումը բնակարաններով, կրճատվել է գործազուրկների համար նպաստ տրամադրող ծրագրերի ֆինանսավորումը, կրճատվել է վերաորակավորվող մասնագետների ծրագրի էֆեկտիվությունը, քանի որ մարդկանց վերաորակավորում էին այն մասնագիտություններով, որոնց կարիքն աշխատաշուկան չուներ:
«Վերը թվարկված ոչ ամբողջական ցուցակն էլ բավարար է հասկանալու համար, թե որն էր ԲՀԿ-ի կողմից 2011թ-ի պետ. բյուջեի կատարման քննարկման բոյկոտի իրական պատճառը»,-գրում է «ГА»-ն: