Հունգար մտավորականները ամաչում են իրենց կառավարության զազրելի որոշման համար
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստը խստորեն քննադատվում է հունգարական հասարակության ճնշող մեծամասնության կողմից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց հունգարացի մտավորական, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին:
Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու նպատակով հունգարացի չորս մտավորականներ` Ռուսաստանի և հետխորհրդային երկրների փորձագետ Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին, դասախոս, լրագրող, հրատարակիչ, Հունգարիայի հրեական համայնքի ներկայացուցիչ Գաբոր Դեակը և IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին այցելել են Հայաստան:
«Հունգարական հասարակությունը խիստ բացասական վերաբերմունք արտահայտեց կառավարության այս գործողության նկատմամբ: Դա անհասկանալի և նորմալ մարդու համար ոչ ընկալելի որոշում էր: Ես կարող եմ միանշանակ պնդել, որ հունգար ժողովրդի ճնշող մեծամասնության վերաբերմունքը այս ամենին խիստ բացասական էր: Կառավարության այս քայլը սուր քննադատության ենթարկվեց»,- նշեց Գաբոր Իվանյին:
Բանախոսը նշեց, որ հունգար հասարակությունը ներկայումս գտնվում է սառեցված վիճակում և շատ քչեր են դիմում բողոքի արտահայտման ակտիվ միջոցների: Այդ իսկ պատճառով իրենք որոշում են կայացրել այցելել Հայաստան և հենց այստեղ կատարվածի կապակցությամբ արտահայտել իրենց բողոքը:
Իր հերթին դասախոս, լրագրող, հրատարակիչ, Հունգարիայի հրեական համայնքի ղեկավարներից Գաբոր Դեակը նշեց, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը անմարդկային զազրելի ոճիր է, իսկ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը առհասարակ որևէ արդարացում չունի:
Վերջինիս համոզմամբ, չնայած իրենք չեն ընդունել այս զազրելի որոշումը այնուամենայնիվ, իրենք ամաչում են իրենց կառավարության նման որոշման համար:
Գաբոր Դեակը շեշտեց, որ Հունգարիան դեռևս պարտք է, այն առումով չի ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը:
Ինչ վերաբերում է հունգարական կառավարության` ներկա իրադրությունը շտկելուն ուղղված հնարավոր քայլերին, ապա Գաբոր Դեակի կարծիքով, Վիկտոր Օրբանի կառավարությանը ոչինչ չի մնում քան հրաժարական տալ:
Հունգար մտավորականները նշեցին, որ Հայաստան այցի շրջանակներում այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: