Միքայել Պողոսյանը՝ «Լավագույն դերասան»
Դերասան Միքայել Պողոսյանը Բուխարեստում կայացած Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին՝ «Եթե բոլորը…» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Ա
յս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասանը: Մ. Պողոսյանը նշեց, որ փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված էր 9 ֆիլմ՝ Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից:
«Հայաստանից ներկայացված էր ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմը: Ես, որպես ֆիլմի գլխավոր դերակատար, աժանացա առաջին մրցանակին՝ «Լավագույն դերասան» անվանակարգում»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նշենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ:
Մ. Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ֆիլմն այժմ ներկայացված է Պուսանի միջազգային կինոփառատոնում, որի ընթացքում պետք է ասիական պրեմիերան լինի:
«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։
Ռումինիայի միջազգային 8-րդ ամենամյա կինոփառատոնն անցկացվել է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը Բուխարեստում: