«Ասպարեզ». «Հանրայինը» իր եթերում գովազդի համար միջնորդից 4,7-7,2 անգամ պակաս եկամուտ է ստացել
Լրագրողների «Ասպարեզ» ակումբը պատրաստվում է դիմել Ազգային Ժողովին, որպեսզի վերջինս ուսումնասիրի և քննարկի գովազդային եկամուտների չափով Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից հատկացումներն ավելացնելու տարբերակը` հեռուստաեթերում առևտրային գովազդն իսպառ բացառելու դիմաց: Այս մասին` ներկայացնելով հունվարի 1-ից իրականացվող Հանրայնի եթերի մոնիթորինգի արդյունքները, հայտնեց ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Բացի այդ, ակումբը կդիմի նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, որ այդ կառույցը վերահսկի հեղինակային հաղորդումների, ֆիլմերի և սերիալների արտադրության ընթացքում ապրանքանիշների կամ ընկերությունների ակամա գովազդի բացառելը:
«Ապրանքանիշի չցուցադրման անհնարինության պարագայում առաջարկում ենք ջանքեր ներդնել այդ ընկերություններից օրինական գովազդային եկամուտներ ստանալու կամ բրենդները զանազան եղանակներով քողարկելու ուղղությամբ», - ասաց նա:
Ըստ ակումբի ղեկավարի` 2011 թվականին իրականացված մոնիտորինգի ընթացքում տեսագրված է եղել 636 ժամ, 53 րոպե և 22 վայրկյան գովազդ, որի դիմաց, Հանրային հեռուստաընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն եկամուտը կազմել է ընդամենը շուրջ 670 միլիոն ՀՀ դրամ, իսկ հովանավորությունից եկամուտը կազմել է շուրջ 260 միլիոն:
«Ստացվում է, որ միջին հաշվով գովազդը արժեցել է 24358 դրամ: Սակայն 2011 թվականների ընթացքում պարզել ենք, որ միջնորդ գովազդային գործակալությունը 1 րոպեի համար գանձում է 140-200 հազար դրամ: Այսպիսով ստացվում է, որ հանրային Հ1 հեռուստաալիքը 2011 թվականին իր եթերում տեղադրված գովազդի համար ստացել է 5,7-8,2 անգամ նվազ գումար, քան միջնորդ ընկերությանը վճարել է գովազդատուն, կամ 4,7-7,2 անգամ պակաս, քան միջնորդ կազմակերպության եկամուտն է: 38.213 րոպե և համամասնորեն հաշվված 2.806 րոպե գովազդը մեկտեղ 150 հազար դրամ/րոպե միջին գնով իրացնելիս ստացվում է շուրջ 6 միլիարդ դրամ հնարավոր եկամուտ, իսկ 200 հազարով` շուրջ 8 միլիարդ: Միաժամանակ հատկանշական է, որ 2011-ին հեռուստաընկերության ծախսերը կազմել են 3.605.075.300 դրամ», - ասաց Լ.Բարսեղյանը:
Նրա խոսքով` հեռուստաընկերությանը կարելի է թույլ տալ ստանալ գովազդից եկամուտն առանց միջնորդ ընկերությունների: