Խաչիկյանը չի ընդունում, որ 240 մլն դրամ է յուրացրել
Կենսաթոշակների թալանի գործով մեղադրվող և այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Մեր հարցին, թե Վազգեն Խաչիկյանի գործով նախաքննությունն ի՞նչ փուլում է, փաստաբանը պատասխանեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել: «Վազգեն Խաչիկյանի գործով նախնական քննության փուլը նոր է ընթանում, վերջնական նյութերին չենք ծանոթացել: Երբ ծանոթանանք, վերջացնենք, նոր միայն մեկնաբանություններ կարվեն», -հավելեց փաստաբանը:
Նրա խոսքով, Խաչիկյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում է այդ արարքի մեջ իր մեղավորությունը:
Մեր դիտարկմանը, թե պաշտոնապես հայտարարվում է, որ Խաչիկյանը մեղադրվում է 240 մլն դրամ յուրացնելու համար, և հարցին, թե` Խաչիկյանը չի՞ ընդունում, որ այդքան գումար է յուրացրել, փաստաբանը պատասխանեց. «Բնականաբար ոչ, նա չի ընդունում, որ այդքան գումար է յուրացրել: Գործի նյութերին երբ ծանոթանանք, կհերքենք այդ հայտարարությունը»:
Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Խաչիկյանն այդ գումարը կիսվել է որոշ պատգամավորների հետ, արդյոք հնարավո՞ր է` այդ գործի շրջանակներում հարցաքննության ենթարկվեն այլ պաշտոնյաներ: Մեր այս հարցադրմանն ի պատասխան, փաստաբանն ասաց. «Այս պահին ես բացառում եմ նման բան: Բայց նախաքննություն է ընթանում, երբ վերջնական ծանոթանանք, այդ ժամանակ կասեմ»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, սեպտեմբերի 28-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել էր, այնուհետև` 2 ամսով կալանավորվել: Նա մեղադրվում է 240 մլն դրամ հափշտակելու համար: Խաչիկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում