Կ. Ավագյան. Նոբելյան մրցանակակիրներ Հանթին և Չալֆիին Հայաստան հրավիրելը պատահական չէ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսոր Թիմոթի Հանթի և պրոֆեսոր Մարտին Չալֆիի՝ Երևանում կայանալիք հանրային դասախոսություններին և
Հիմնադրամի մամուլի ծասռայության փոխանցմամբ, «Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շարքը Հայաստանում» ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը տեղեկացրել է, որ դասախոսությունները տեղի են ունենալու նոյեմբերի 4-ին։ Թիմոթի Հանթի դասախոսությունը նվիրված է լինելու քաղցկեղի հիմնախնդրին։
Մարտին Չալֆին ներկայացնելու է գիտահետազոտական աշխատանքներում կիրառվող ժամանակակից մեթոդները։ Դասախոսությունների ունկնդիրների ընտրությունը կատարելիս առաջնությունը տրվելու է մասնագիտությամբ կենսաբաններին, բժիշկներին, բնագետներին։ Գիտության այլ ոլորտները ներկայացնող մասնագետներին նույնպես հնարավորություն կտրվի մասնակցել հանրային դասախոսությունների։
Ընդհանուր առմամբ դասախոսություններին կարող է մասնակցել 180 մասնագետ։ Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, և մասնակցության վերջնաժամկետից 10 օր առաջ արդեն իսկ ստացվել է ավելի քան 180 հայտ։
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կանցկացվի ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ Նոբելյան մրցանակակիրներ Հանթին և Չալֆիին Հայաստան հրավիրելը պատահական չէ։ Հայաստանում նախատեսվում է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոն, և քաղցկեղի ոլորտում ուսումնասիրություններ կատարող անվանի գիտնականները կարող են էապես օգնել իրենց խորհուրդներով, դասախոսություններով ու փորձի հաղորդմամբ։
Կարեն Ավագյանն ընդգծել է նաև, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին տարեկան հատկացվում է 100 միլիոն դրամ։ 2012 թվականի ընթացքում արդեն ֆինանսավորվել են մի քանի տասնյակ ծրագրեր, և հանրապետության նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։
Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն։
Տեղեկանք
Թիմոթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.՝ բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների (ցիկլիններ) բացահայտման համար: Հանթն աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:
Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա