Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը, որը Աբովյանում հայտնի գործարար էր ու «ՄԱ-Պլազա» ժամանցային խոշոր կենտրոնի սեփականատերը, դաժան ծեծի հետևանքով հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է: Այժմ հարազատները արդարություն են փնտրում և պահանջում են` պատժել սպանության բոլոր մեղավորներին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարի հարազատները պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, հենց իրեն պատկանող «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի մոտ. մի խումբ երիտասարդներ վիճաբանել են և այդ ամենը տեսնելով Մերուժան Խաչատրյանը փորձել է հանդարտեցնել: «Նա մոտենում է, խնդրում է, որ չվիճեն շենքի դիմաց, որովհետև ինչ էլ որ լինի, ինքը պատասխանատու է իրեն պատկանող շենքի դիմաց վիճաբանության ու դրա հետևանքների համար: Էդ խմբից մի հինգ երիտասարդ մոտենում են նրան, սկսում են հայհոյել, քաշքշել` նրանցից մեկը զինծառայող է Ալբերտ անունով և երկու եղբայրներ Վարդան և Վահրամ Գրիգորյաններ: Նրանցից Վահրամ Գրիգորյանը երկու տարի առաջ սպանել է մի մարդու, բայց որոշ պաշտոնյաների հովանավորությամբ հիմա ազատության մեջ է: Մենք ուղղակի չենք ուզում, որ այս գործն էլ կոծկվի», -ներկայացրեց հարազատներից մեկը:
Նրանց խոսքով, դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանը այդ օրը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվում գլխի վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահանում է:
Գործարարի մահվան կապակցությամբ ոստիկանության Աբովյանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հարազատների պատմելով ,Վահան ու Վարդան Գրիգորյանները մի քանի ժամ ձերբակալված են մնացել, բայց այժմ ազատության մեջ են:
Բացի նշված երկուսից, ըստ մեր զրուցակիցների, ծեծկռտուքին մասնակցել է նաև զինվորական ծառայության մեջ գտնվող Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ քանի որ գործում մասնակցություն է ունեցել զինվորական անձ, այն տեղափոխվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Այստեղից լրատվական ծառայության ղեկավար Մերի Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ «սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Խաչատրյանը հայտնվել է հիվանդանոցում, այնուհետև` սեպտեմբերի 27-ին մահացել է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Կատարվում է նախաքննություն»: ՊՆ քննչական ծառայությունից սակայն չասացին, թե որ զորամասի ծինծառայող է Ալբերտ Քարհանյանը և ինչու ծառայության մեջ չի եղել այդ օրը:
Այժմ Ալբերտ Քարհանյանը կալանավորված է, բայց հարազատները վստահ են, որ Ալբերտը միայնակ չի գործել: «Համալիրի տեսագրությունները պարզ ցույց են տվել, թե ինչ է կատարվել դրսում: Մերուժին հրել-քցել են գետնին ու ոտքով, քարով խփել գլխին, հետո տեսել են արյուն ա գալիս ականջից, քթից ու որ համալիրի աշխատողներից մեկը եկել, ասել ա` կանգնեք, սրանք թողել հեռացել են», -պատմում են հարազատները:
Նրանք արդեն դիմում են գրել զինդատախազին` խնդրելով արդար քննություն անցկացնել, իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին խնդրում են չկոծկել սպանությունը:
«Մենք ուզում ենք աղմուկ բարձրացնենք, որ չկարողանան ծածկեն, թիկունք կանգնեն, կոծկեն: Ինչպես եղավ Վահե Ավետյանի դեպքում` ընդեղ Նեմեցն էր հովանավոր, ստեղ էլ` մեկ ուրիշը: Էս երկիրը էդ երկիրն ա. մարդ են սպանում ու չեն պատժվում», -ասում են սպանվածի հարազատները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները