Մեկ տարի պատիժ. «Փուչիկների գործ»-ով դատական նիստը շուտով կավարտվի
Հանրապետության հրապարակում այս տարվա մարտի 4-ին տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի միջնորդությունը` նիստն արագացված ընթացակարգով անցկացնելու մասին:
Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն այսօր ներկայացրեց մեղադրական ճառը և դատարանին միջնորդեց մեկ տարվա ազատազրկման դատապարտել Սերոբ Բոզոյանին: Փաստաբան Կարեն Մուչարյանը Panorama.am-ին ասաց, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, ինքը կներկայացնի իր խոսքը, որից հետո կհրապարակվի վճիռը:
Փաստաբանն ասաց, որ արագացված ընթացակարգով դատաքննության ընտրությունը իր պաշտպանյալի ընտրությունն է և ինքը չէր կարող ընդդիմանալ դրան: «Լինում են դեպքեր, երբ գործի նյութերին ծանոթանում ենք և խորհուրդ չենք տալիս: Բոլոր դեպքերում ընտրությունը իմ պաշտպանյալի ընտրությունն է: Կոնկրետ այս դեպքում որևիցե հիմքեր չէի տեսնում, որպեսզի խորհուրդ տայի, որ արագացված ընթացակարգով քննություն չկատարվեր», -փոխանցեց պաշտպանը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ եթե դատաքննությունը արագացված ընթացակարգով չընթանար, ինքը, որպես պաշտպան, միջնորդություն ներկայացներ գործի մեջ որպես մեղադրյալ այլ անձանց ներգրավվելու համար, պաշտպան Մանուչարյանը պատասխանեց, որ դրա համար բավարար հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Փուչիկները Սերոբ Բոզոյանից պատվիրել էր Հանրապետական կուսակցությունը: