Հերթը հասավ Վարդանիկի հարազատներին
«Հրապարակը» գրել է, որ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: «Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նաև նրա դուստրը` Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է: Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստեր` երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց»,- գրում է թերթը:
Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը թերթը փորձել է ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշել է, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելել, որ նման տեղեկություն չունի: