Պուտինը կգա Կարեն Կարապետյանի հետ
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին` մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին:
ՀՀ-ում ՌԴ դեսպանը զորավարժություններից մի քանի օր անց հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին` նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը:
Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը: Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Թերթը նշում է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի ընդունելի թեկնածու է և´ ՀՀԿ-ի, և´ ԲՀԿ-ի համար:
Հետգրությամբ թերթը նշում է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների` հետաձգվել է նաև Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նախատեսված էր, որ այցը կայանալու է առաջիկա հոկտեմբերի 14-15-ին, իսկ Անկարայից ՌԴ նախագահը մտադիր էր մեկնել Բաքու: Ինչպես փոխանցում են ռուսական զլմները, երեկ տեղի է ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում, Պուտինի նախաձեռնությամբ, որոշվել է այցը հետաձգել մինչև նոյեմբեր: Սա նշանակում է, որ ՌԴ նախագահը նախընտրել է պահպանել պարիտետը և նոյեմբերին տարածաշրջանային այց կատարել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան: