Վարդան Մինասյան. «Կձգտենք տոն պարգևել մեր երկրպագուներին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսեց Իտալիայի ընտրանու հետ վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք խաղին թիմի նախապատրաստության ընթացքի, ինչպես նաև հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Ֆուտբոլիստների տրամադրությունը շատ բարձր է, քանզի, ինչպես գիտեք, առաջին անգամ ենք հանդիպելու Իտալիայի հավաքականի հետ,- նշեց Վարդան Մինասյանը:- Իհարկե, մենք կորուստներ ունենք (խոսքը Լևոն Հայրապետյանի, Գևորգ Ղազարյանի ու Մարկոս Պիզելիի մասին է-խմբ.): Առաջին պարապմունքի ընթացքում թեթև վնասվածք ստացավ Արթուր Սարկիսովը, բայց հիմա արդեն կազմ ու պատրաստ է: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն էլ այժմ լավ վիճակում են»:
Վարդան Մինասյանը, խոսելով մրցակցի մասին, շեշտեց, որ Իտալիայի ընտրանին հատկապես տակտիկապես գերազանց է գործում: Ըստ նրա` այժմ այդ թիմի հարձակման գիծը նաև ստեղծագործ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ Պրանդելլին մարտավարական տեսանկյունից աշխարհի լավագույն մարզիչն է, կարողանում է տակտիկան փոխել հանդիպման ընթացքում և անակնկալներ մատուցել:
«Իհարկե, մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը և կձգտենք հաջողության հասնել»,- նշեց մեր թիմի մարզիչը:
Հավաքականի կորուստները Վարդան Մինասյանին ստիպել են թիմ հրավիրել երիտասարդ ֆուտբոլիստների, սակայն նրանք այս պահին դեռ չեն կարող ընդգրկվել հիմնական կազմում: Պարզապես պետք է լինեն թիմի հետ, զգան նրա մթնոլորտը: Իսկ ի՞նչ հնարավորություններ ունի Կարեն Մուրադյանը: Ըստ Վարդան Մինասյանի` նա իր խաղաոճով նման է Կառլեն Մկրտչյանին և լավ հեռանկար ունի: Ամեն ինչ բնականաբար, կախված է այն բանից, թե ինչպես ֆուտբոլիստը կդրսևորի իրեն:
Հայաստանյան ընտրանուն վաղն ավագի թևկապով խաղադաշտ դուրս կբերի Ռոման Բերեզովսկին: Իսկ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի ավագի պարտականությունները հանձնարարել Հենրիխ Մխիթարյանին, ով 5 լեզու գիտի: Պատասխանելով այդ հարցին` Վարդան Մինասյանը շեշտեց, որ Ռոման Բերեզովսկին վաստակել է այդ իրավունքը:
Մեր թղթակցին հետաքրքրում էր, թե արդյոք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կողմնորոշվե՞լ է հիմնական կազմի հարցում: Մինասյանը նշեց, որ 10 ֆուտբոլիստների հարցում վերջնական որոշում կայացրել է, բաց է մնում մեկ դիրք, սակայն այսօր երեկոյան կայանալիք պարապմունքի արդյունքում այդ խնդիրն էլ կլուծվի:
Հայ մասնագետն իր կարծիքը հայտնեց նաև այն 200 հայ երկրպագուների մասին, ովքեր մեծ շուքով են հյուրընկալել Իտալիայի ընտրանուն: Շեշտելով, որ դա նրանց իրավունքն է, նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ իր համար հայ երկրպագուները միայն այդ 200 հոգին չեն, այլև նրանք, ովքեր ժամանում էին «Հանրապետական» մարզադաշտ, ովքեր վաղը կլինեն «Հրազդան» մարզադաշտում կամ հեռուստաէկրանների առջև:
«Վաղը մենք ձգտելու ենք հաղթանակի: Իմ ֆուտբոլիստներից առաջին հերթին լավ խաղ եմ ակնկալում: Ճիշտ է` Հայաստանի հավաքականը մեկնարկային հանդիպումներում չի ցուցադրել այն խաղը, որին սովորել էինք «Եվրո-2012»-ի ընտրական փուլում: Դա խորհելու տեղիք տվեց: Համարում եմ, որ հարձակման գծում մեր խաղը չստացվեց: Մեր թիմի դարպասին այդ հանդիպումներում 2-3 հարված է եղել: Հիմա պետք է ճիշտ հաշվեկշիռ գտնենք պաշտպանության և հարձակման միջև: Յուրաքանչյուր թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլատրում: Կրկնում եմ` առաջին հերթին պետք է լավ խաղանք ու տոն պարգևենք մեր երկրպագուներին: Բացառված է, որ Իտալիայի ազգային թիմի հետ խաղում հաջողության հասնես վատ խաղով»,- ավելացրեց Վարդան Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում