Ա. Գրիգորյան. Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, առաջին անգամ ընդունեց հայոց ցեղասպանությունը
«Սլովակիայում գործում է ցեղասպանությունների ժխտման դեմ քրեական օրենք, ըստ որի հինգ տարվա ազատազրկում է նախատեսվում նրանց համար, ովքեր գիտակցաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ նրանք, ովքեր ժխտում են, իսկ հետո հայտարարում են, որ անգիտակցաբար է եղել, արժանանում են երեք տարվա ազատազրկման»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի նախաբանով սկսեց իր խոսքը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հետ առնչվող երկու դատական հայց, որոնցով ԵՀՄՖ-ն դիմել է Սլովակիայի գլխավոր դատախազություն:
Հայցերից առաջինի վերաբերյալ նա մասնավորապես նշեց. «Ադրբեջանը, վերջերս, առանց համաձայնեցնելու Թուրքիայի հետ, բոլորովին ինքնագործ, հայտարարեց, որ այդպիսի օրենք Սլովակիայում չկա: Նա նաև շահագրգռեց Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Յոզեֆ Միգաշին, ով, անձնական շահագրգռվածություն ցուցաբերելով, բազմիցս հայտարարեց, որ այդպիսի օրենք Սլովակիայում չկա: Իսկ ադրբեջանական բոլոր կենտրոնական կայքերը տարածեցին Միգաշի այդ հայտարարությունը»:
Ա. Գրիգորյանը նշեց, որ դրանից հետո իրեն հրավիրել են ոստիկանություն` որպես վկա, որտեղ ինքը բացատրություն է տվել, թե ինչու է կարծում, որ Յ. Միգաշը խախտել է համապատասխան հոդվածը: «Միաժամանակ ես Յ. Միգաշի վրա բարդեցի կասկածներ, որ առկա է կոռուպցիայի դեպք: Այնուհետև, այս առիթով հրավիրեցի մամուլի ասուլիս, և լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին»,- հավելեց բանախոսը, ապա տեղեկացրեց, որ այդ գործը դեռևս քննության փուլում է:
Նա նաև ընդգծեց, որ Յ. Միգաշը դիվանագիտական իմունիտետ ունի այն երկրներում, որտեղ հավատարմագրված է որպես դեսպան, բայց իր երկրում նա այդ իմունիտետից զուրկ է:
Երկրորդ հայցի կապակցությամբ Ա. Գրիգորյանը հայտնեց, որ սույն թվականի ապրիլի սկզբին, Սլովակիայում տեղի է ունեցել ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որին արձագանքել է Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկինը, ով իր հոդվածում գրել է, որ «երբ խոսում են Հայոց ցեղասպանությունից, պետք է զգույշ լինեն, որովհետև այն ամբողջ աշխարհով մեկ կասկածի տակ է առնված և չպետք է մոռանալ, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այդ դեպքերի ընթացքում շատ ավելի թուրք է մահացել»:
Անդրադառնալով այս հայտարարությանը, ԵՀՄՖ նախագահն ասաց. «Դա ինձ համար բավական էր, որպեսզի ես կարողանամ քրեական գործ հարուցել Սլովակիայի քրեական օրենսգրքի հավելվածի 424 Ա հոդվածի կիրառմամբ, որը խոսում է այն մասին, որ վերաբերում է ցեղասպանության ժխտմանը»:
Նա նշեց, որ այդ հիմքով դիմել է Սլովակիայի գլխավոր դատախազություն` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դեսպանին: «Այս հայցը ֆենոմենալ արդյունք տվեց: Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը գլխավոր դատախազությունից հանձնարարություն ստացավ թուրք դեսպանի նկատմամբ պատիժ կիրառել: Տիկին դեսպանը այդպիսով, բերման է ենթարկվում և հայտարարում է, որ ինքը օրենք չի խախտել, քանի որ ինքը Հայոց ցեղասպանության դեմ ոչինչ չի ասել: Այսինքն` դե ֆակտո, առաջին անգամ, թուրք բարձրաստիճան պաշտոնյան, թուրք դիվանագիտության ամենաբարձր ներկայացուցիչը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունը կասկածից վեր է»,- հավելեց Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները