Ռոդոլֆ Խառատյանն անհանգստացած է, բայց … չի նեղանում. Օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը դրսում է մնացել
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը այլևս չի կարող փորձեր անել թատրոնի շենքում, քանի որ վերանորոգվում է բեմը ու, ինչպես ասում են թատրոնի տնօրենն ու մշակույթի նախարարը, այնտեղ փորձեր անելն արդեն վտանգավոր է: Սակայն այլընտրանք չի առաջարկվել խմբին:
Ասուլիսում իր դժգոհությունն ու մտահոգությունն արտահայտեց բալետի առաջատար մենապարող, Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: «Իսկ ի՞նչ կապ ունի բեմը, մյուս դահլիճների հետ, հարցրեցի ես, ասացին, որ միջանցքներում շատ ապրանք է լինելու, որը կարող է գողացվի, կամ սվառկա է արվելու, կարող է մեկնումեկի վրա ընկնի: Չեմ հասկանում մոտիվները, թե ինչու են նման կերպ վարվում, միգուցե ֆինանսական խնդիրներ կան, չեմ հասկանում: Ես հարցերից, որ եթե ֆինանսական խնդիրներ կան ու չեն կարողանում պահել պարողներին, ասեք, ես մրցույթ հայտարարեմ, լավագույններին կպահեմ, դա էլ չեն ասում: Բայց ես կարող եմ ասել, որ թատրոնի շենքում կա երկու լոկալ դահլիճ, որտեղ մենք կարող ենք փորձեր անել, քանի որ բալետ պարողները պետք է անընդհատ մարզվեն, փորձեն»,- ասաց նա:
Խմբին առաջարկել են Պարարվեստի ուսումնարանի դահլիճը, բայց միայն ժամը 18.00-ից հետո, ինչը դժգոհություն է առաջացրել: «Վաղը մեր խումբը` 86 հոգի, արդեն պետք է դուրս գա թատրոնից ու այս կարգավիճակով մնալ մինչև հունվարի 30-ը, ինչպես որ ասում են»,- ասաց բալետմայստերը, ապա շարունակեց. «Մինչդեռ մենք ապրիլին պետք է Իտալիայում ներկայացնեինք «Ժիզել» -ը, այնուհետև գնայինք Ամերիկա: Ասում են կսկսեք փորձերը փետրվարից: Բայց ինչպե՞ս հնարավոր է երկու ամսում բեմադրություն պատրաստել, մինչդեռ մարդիկ քսան տարի պարում են ու նոր սկսում զգալ պարը: Այսպես մենք երբեք չենք կարող որպես բալետային երկիր ներկայանանք աշխարհում, թեև բալետի միջոցով կարողանում ես ներկայացել մի ժողովրդի ամբողջ պատմությունը»,- ասաց պարուսույցը:
Ըստ նրա, այս ամենի արդյունքում կկորցնեն այն, ինչին հասել են վերջին երեք տարիների ընթացքում` լավ կարգավիճակ ունեցող պարողներ, լի դահլիճներ: Ռ. Խառատյանն ասաց, որ տարեկան 150 անգամ բալետը պետք է դուրս գա բեմ, իսկ այստեղ հազիվ 30 անգամ է դուրս գալիս, բացի այդ նա դժգոհեց պարողներից. «Պարողները չեն ցանկանում ֆիզիկապես աշխատել, ասում են` կարող ենք անել ու բողոքում են, որ ես պահանջներ եմ դնում իրենց առջև: Բայց, եթե ես չպահանջեմ, արդյունքի չենք կարող հասնել»:
Դա, ըստ նրա, հնարավոր է գալիս է ցածր վարձատրությունից. պարողները վարձատրվում են միջինը 90 հազար դրամ:
Նշենք, որ Ռ. Խառատյանը 1999թ.-ից եղել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «ԱՐՔԱ» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, սակայն 2009-ին հրավիրվել է Հայաստան` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը ղեկավարելու համար: «Պահեր են լինում, նույնիսկ շատ պահեր, որ փոշմանել եմ, որ վերադարձել եմ, բայց, ումից պետք է նեղանամ` հայրենիքի՞ց»,- իր խոսքը եզրափակեց Ռուդոլֆ Խառատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա