Օպերային թատրոնի տնօրենին զարմացրել է Ռոդոլֆ Խառատյանի քայլը. «Չգնայի՞նք դրան: Բա ի՞նչ անեինք»
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներն այնպիսի փուլում են գտնում, որ ստեղծագործական կոլեկտիվներն այլևս չեն կարող ելումուտ անել շենք, փորձեր անցկացնել, քանի որ աշխատանքային պրոցեսն ապահովելը վտանգավոր է դառնում: Նաև վերանորոգումն իրականացնող ավստրիացի մասնագետներն են դա պահանջել, մենք էլ անցկացրել ենք մեր ուսումնասիրությունները: Ելումուտը շենք պետք է դադարեցվի»,- Panorama.am –ի խնդրանքով, անդրադառնալով Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի արտահայտած մտահոգություններին ու դժգոհություններին, թե տնօրենն ու մշակույթի նախարարն ասել են, որ այլևս չեն կարող փորձեր անել թատրոնի շենքում, բայց նաև չեն առաջարկել այլընտրանք, ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերանորգման աշխատանքները սկսվել են մայիսից: «Պետք է գոհ լինենք, որ այսօրվա պայմաններում կառավարությունը կարողացել է գումար հատկացել (8 միլիոն դրամ)` մեզ համար չափազանց կարևոր հարց լուծելու համար. շահագործվող տեխնիկան դեռ 60-ականն թվականների էր, այլևս պիտանի չէր օգտագործման»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ստեղծագործական խմբերին, տնօրենն ասաց, որ խնդիրը մշակույթի նախարարի անմիջական հսկողության տակ է ու ամեն ինչ անում են, որ կոլեկտիվներին ժամանակավորապես տեղավորեն, որ անցկացնեն իրենց փորձերը: Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի բալետային խմբին կասեն, թե որտեղ են ժամանակավորապես տեղավորվելու ու որ ժամերին են փորձ անելու: Ամենայն հավանականությամբ, ըստ Կ. Հովհաննիսյանի խումբը կտեղավորվի Պարարվեստի քոլեջում:
Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե խումբը դժգոհ է նման լուծումից, քանի որ այնտեղ կարող են միայն ժամը 18.00-ից հետո իրենց փորձերն անել, մինչդեռ այդ ժամերին նրանք այլ աշխատանք են անում, մեր զրուցակիցն ասաց. «Պարողները երկնակամարից չեն իջել: Եթե ուզում են` կաշխատեն, չեն ուզում` թող պատճառաբանեն: Եթե երեկոյան ներկայացում են ունենում, ինչպե՞ս են գալիս: Բացի այդ ո՞վ է ասել, որ պարողը պետք է մի քանի տեղ աշխատի»: Panorama.am-ի դիտրակմանը, թե ցածր աշխատավարձի պատճառով է (միջին աշխատավարձը 90 հազար դրամ է), նա ասաց. «Ցածր է, դրա համար աչք ենք փակում, որ այլ տեղ էլ են աշխատում», ապա հարցադրում արեց. «Ո՞ւմ խնդրենք, որ մեզ համար դահլիճ կառուցի կամ ազատի, որ իրենց պահանջված ժամին կարողանան աշխատել»:
Կամո Հովհաննիսյանը նաև ասաց, որ մի քիչ զարմացած է, որ Ռոդոլֆ Խառատյանն այսքան արագ ու առանց իրենց հետ համաձայնության նման քայլի է դիմել (հանդիպել է լրագրողների հետ), որովհետև. «Մենք բոլորս երջանիկ պետք է լինենք, որ ունենալու ենք ժամանակակից պահանջներին համապատասխան բեմ, թեկուզ մի քիչ դժվարություններ հաղթահարելով: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն արդեն հունվարին: Այդ դժվարություններն ընդամենը երկու ամիս են լինելու, որից հետո կունենաք հրաշալի բեմ: Չգնայի՞նք դրան: Բա ի՞նչ անեինք»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թվականին: Ազգային օպերային թատրոնը կառուցվել է 1940 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են