Ցորենը 8 ամսում թանկացել է 33%-ով, իսկ հացի շուկային ՏՄՊՊՀ-ն չի անդրադառնում
Վերջին օրերին սպառողների գրպանին հարվածեց նաև հացի ու ալյուրի թանկացումը: «Հայկական ժամանակի» դիտարկումները ցույց էին տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով: «Արմաշ» ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է հասնելով 870 դրամի:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացի շուկային ու դրա գների ոլորտին չի անդրադառնում:
«Այս ոլորտը բավականին մրցակցային է, հաց արտադրողների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Այս ոլորտում գնային տատանումներին Հանձնաժողովը չի անդրադառնում, քանի որ չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Այնուամենայնիվ, նկատի ունենալով հացի շուկայի կարևորությունը, այն ևս ներառվել է Հանձնաժողովի կողմից իրականացվող պարտադիր դիտանցման ենթակա ապրանքների ցանկում»,-Panorama.am-ին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Հանձնաժողովի ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ ՏՄՊՊՀ-ը շարունակում է հետևել միջազգային շուկաներում գնային զարգացումներին և զուգահեռաբար երկրի ներսում ընկերությունների վարքագծին: Այստեղ հավատացնում են, որ գնային անհամաչափ փոփոխությունների հայտնաբերման դեպքում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ նման երևույթների պատճառները պարզելու համար:
«Հաշվի առնելով ցորենի և ալյուրի կարևոր սոցիալական նշանակությունը՝ Հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է պահում այս ոլորտի ընկերությունների վարքագիծը: Այդ նպատակով մեր կողմից պարբերաբար տվյալներ են պահանջվում ցորենի ներկրման գծով առավել խոշոր ընկերություններից՝ Ալեքս գրիգ և Մանանա Գրեյն ՍՊԸ-երից»,-ասաց Գ. Սահակյանը:
Բացի այդ, նրա խոսքով, ՏՄՊՊՀ-ի կողմից նաև ամենօրյա կտրվածքով դիտանցումներ են իրականացվում ընկերությունների վաճառակետերում, որպեսզի Հանձնաժողովի վերահսկողական գործառույթները կառուցված լինեն ոչ միայն ընկերությունների տվյալների, այլ նաև մեր կողմից փաստացի հավաքագրված տվյալների վրա:
Հանձնաժողովից նաև նշում են, հաշվի առնելով, որ ցորենը հանդիսանում է միջազգային շուկաներում գնանշվող ապրանքներից մեկը, որտեղ էլ ձևավորվում է այս ապրանքատեսակի վաճառքի գինը, ուստի Հանձնաժողովը հետևում է նաև միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներին, գնային տատանումներին և առկա տվյալները օգտագործվում են կատարվող ուսումնասիրությունների ընթացքում: Ընդ որում հաշվարկների ճիշտ իրականացման համար դիտարկվում են հիմնականում Ռուսաստանում ցորենի միջազգային գների փոփոխությունները, քանի որ հենց այս երկրից է կատարվում ներմուծումների առավելագույն մասը:
«Նշենք մի քանի ցուցանիշներ, որոնք բնութագրում են վերջին ժամանակներս ցորենի միջազգային գների և ալյուրի տեղական գների փոփոխությունները: 2012 թվականի սկզբի համեմատ սեպտեմբերի վերջի դրությամբ մեկ տոննա ցորենի միջազգային գինը աճել է շուրջ 38 տոկոսով` 252 դոլարից հասնելով 348 դոլարի: Ընդ որում հնչեցրած թվերը վերաբերում են Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստից արտահանման գներին, որտեղից ՀՀ է ներմուծվում ցորեն: Միջազգային որոշ մասնագերտներ և վերլուծաբաններ այսօրինակ գնային բարձրացումները պայամանավորում են բնակլիմայանակ պայմաններով՝ հատկապես Ռուսաստանի պարագայում:
Ինչ վերաբերում է ներհայաստանյան իրավիճակին, ապա այս ոլորտի խոշոր ընկերությունների պահեստներում հունվարի համեմատ սեպտեմբերին բարձրակարգ ալյուրի վաճառքի գները աճել են շուրջ 33 տոկոսով՝ 199 800-ից հասնելով մինչև 265 900 դրամի մեկ տոննայի դիմաց»,-ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց մամուլի քարտուղարը, ավելացնելով, որ հանձնաժողովի խիստ վերահսկողության տակ են գտնվում այս ոլորտի հիմնական խոշոր ընկերությունների վարքագիծը, նրանցից պարբերաբար հաշվետվություններ են ստացվում, որտեղ արտացոլվում են մնացորդները, ներմուծումները և իրացումները՝ դրանց արժեքային և քանակական արտահայտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում