Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը շահավետ է նաև ՌԴ-ին
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի այն հայտարարությանը, թե «Հայրենակիցներ» ծրագիրը որևէ կերպ չի նպաստում Հայաստանում արտագաղթին և որ ԱՄՆ-ի դեսպանատան «Գրին քարտ» ծրագրով ավելի շատ մարդ է լքում հանրապետությունը` «Голос Армении»-ն գրում է. «Իհարկե, արտագաղթի պատճառները պետք է փնտրել երկրի ներսում, այլ ոչ թե այն երկրում, ուր գաղթում են քաղաքացիները, սակայն ստացվում է այնպես, որ Հայաստանում արտագաղթին նպաստող վատթար իրավիճակն ուղիղ համեմատական է Ռուսաստանի խուլ բնակավայրերը բնակեցնելու ծրագրի հաջողությանը»:
Թերթը նկատում է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի` ՌԴ-ն հռչակված է որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, ուստի ՀՀ-ի ազգային անվտանգության շահերը համընկնում են նաև Ռուսաստանի շահերի հետ, քանի որ հենց Հայաստանն է այն երկիրը, որը Կրեմլի հենակետն է Հարավային Կովկասում, և հենց Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան: