Ճարտարապետների միության նախագահը չի հասկանում` ինչպես պետք է ԱԳՆ շենքը հյուրանոցի «վերափոխվի»` առանց արտաքին տեսքը փոփոխելու
«Թեև ասում են, որ ԱԳՆ շենքը վաճառելուց հետո նրա արտաքին տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվելու, բայց եթե այն վերածվելու է հյուրանոցի, չեմ հասկանում, ինչպես պետք է արտաքին տեսը փոփոխության չենթարկվի»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում ( ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն է) գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին: Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը: Կառավարության որոշմամբ, գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, թե ինչպես է շենքը վաճառվել, որտեղ է քննարկվել, հայտնի չէ, արդյո՞ք մշակույթի նախարարության ու սեփականատիրոջ միջև կնքվել է պայմանագիր, որ արտաքին տեսքը պետք է պահպանվի, հայտնի չէ: «Եթե չկա, ապա սեփականատերը կարող է ասել, որ որևէ բան կնքված չէ, հետևաբար ինչ ուզի, կարող է անել»,- ասաց Մ. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի