Բակո Սահակյանը ցավակցական նամակ է հղել Գարեգին Բ-ին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նամակում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա աշխարհի համար:
Ամենապատիվ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու զորացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման, ինչպես նաև` միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում:
Մեծ է նրա ներդրումը նաև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում:
Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը»: