Քաղաքականության ավարտ. հայկական տարբերակ
Պայմանավորվենք միանգամից, որ խոսքը գնում է միայն երկրի ներքին քաղաքականության մասին, քանի որ արտաքին քաղաքականության սպառվելը, գոնե Հայաստանի պարագայում, պատկերացնելն անգամ դժվար է, որովհետև մեր պետության աշխարհագրական դիրքը, ազգային հիմնախնդիրները և գերտերությունների շահերի բախման վայր լինելը պետք է որ երբեք թույլ չի տա թերանալ կամ ծուլանալ արտաքին քաղաքականության հարցում: Իսկ ներքին կյանքում ամեն ինչ այլ կերպ է:
Քաղաքականության ավարտ, ըստ էության, կարելի է արձանագրել այն դեպքում, երբ երկրում դադարում է գաղափարների հոսքը և, որպես դրա հետևանք, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքը: Բայց պետք է տարբերել քաղաքականության ավարտը քաղաքական ճգնաժամից: Վերջինս արձանագրվում է այն ժամանակ, երբ գործ ունենք իշխանության ոչ լեգիտիմության, իշխանական թևերի միջև համագործակցության բացակայության, քաղաքական ընդդիմության և բողոքի արտահայտման ձևերի սրացման, սոցիալական խնդիրներ լուծելու անկարողության հետ:
Քաղաքական ճգնաժամի վկայություններից են պոպուլիզմը, որը խոսում է քաղաքական մտքի աղքատության մասին, մտքերի փոխանակման, քննարկումների բացակայությունը, ինչը քաղաքական ուժերի մտավոր հետամնացության և «իմպոտենտության» նշան է, ինտրիգների, պոլիտիկայի փոխարեն պոլիտիկանության տարածումը, ինչն անսկզբունք, գաղափարական հենք չունեցող քաղաքական գործչի վարքագիծ է:
Մինչդեռ «քաղաքականության ավարտ» ասելով պետք է հասկանալ մի իրավիճակ, երբ երկրում քաղաքական իշխանությունը սեփականաշնորհվում է որևէ ուժի /կլանի, օլիգարխի, բանակի, այլ պետության/ կողմից, կտրվում իր սնուցող հիմքից` սոցիալական իրականությունից և ծառայեցվում այդ ուժը սպասարկելուն: Այդ դեպքում բուն քաղաքական գործընթացների բացակայությամբ պայմանավորված սոցիալական վակուումը լցվում է ստվերային բանակցություններով և համաձայնություններով, որոնք, ինչպես և տնտեսական ստվերը, մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանի կյանքում:
Ըստ էության, այժմ էլ, նախագահական հերթական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ, երկիրը գտնվում է թաքուն ընթացող բանակցությունների, համաձայնությունների և «ատկատների» պրոցեսում, ինչը վկայում է, որ քաղաքականությունը, որպես հանրային բարիք ապահովելու լեգիտիմ միջոցների ամբողջություն, Հայաստանում ավարտվել է: Հակառակի վկայություն չէ կուսակցությունների և քաղաքական գործիչների առկայությունն այն նույն տրամաբանությամբ, ինչպես կռվից հետո բռունցքներ թափահարելը խիզախության նշան չէ: