Սերժ Սարգսյանը հաձնարարել է կարգավորել «Մուշ-2»-ի նկուղների հարցը
«Ես այստեղ հյուր եմ, երբ որ կկահավորեն բնակարանները, այդ ժամանակ էլ գնահատական կտամ»,-դուրս գալով նորակառույց և այսօր շահագործման հանձնված «Մուշ-2» թաղամասի բնակարաններից մեկից իր տպավորություններով կիսվեց հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, այսօր շահագործման հանձնվեց Գյումրիի Մուշ-2 թաղամասը` նորակառույց 38 չորսհարկանի բազմաբնակարան շենքերով` 1756 բնակարանով:
Ծրագրի իրականացումը նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է, մեկնարկը տրվել էր 2008-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասյանի, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ շահագործման հանդիսավոր արարողությունից հետո շրջեց ողջ թաղամասով, եղավ դեռևս չբարեկարգված այն հողատարածքում, որտեղ ևս բազմաբնակարան շենքեր են կառուցվելու: Դրանք նախատեսված է շահագործման հանձնել 2013-ի ավարտին:
Ծանոթանալ այդ հատվածի մակետին, նախագահ Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանին հանձնարարեց, որպեսզի քաղաքապետարանը ուշադիր լինի նորակառույց այս թաղամասի բոլոր խնդիրներին, իսկ բարեկարգման ու կանաչապատման աշախատանքներին ներգրավի նաև բնակիչներին:
«Թող յուրաքանչյուրը իր տարածքի կանաչը պահպանի, որպեսզի մեկ տարի անց այստեղ ամայություն չլինի»,-ասաց երկրի ղեկավարը: Նա նաև հանձնարարեց կարգավորել շենքերի նկուղների հարցը, որոնք այս պահի դրությամբ դեռևս պատրաստ չեն շահագործման:
Նշենք, որ բոլոր բնակարանները ներքին հարդարմամբ են, ընդ որում բնակարանների արտաքին տեսքի ձևավորմանը մասնակցել են նաև ապագա տերերը: Բոլոր բակերում կան խաղահրապարակներ, ու քանի դեռ տանտերերը ստանում են հավաստագրերը, երեխաներն արդեն այս պահին գրոհել են խաղահրապարակները:
Թաղամասն ավարտուն արտաքին տեսք ունի: Լուծված է լուսավարության, ջրամատակարարման խնդիրը: Կանաչապատման աշխատանքները դեռևս ընթացքում են: