Բ. Սահակյան. Արցախում շահագրգռված են ՀԲԸՄ-ի հետ կապերի հետագա խորացմամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը և հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:
Նախագահ Սահակյանի խոսքով՝ Հայ բարեգործական ընհանուր միությունը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Շոշափելի է կազմակերպության ներդրումը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:
Հանդիպման վերջում Նախագահը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները