24-ամյա նախկին զինվորը մոմի պես հանգչում է. ՊՆ-ն օրենքով սահմանված պարտավորություններ չունի
«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը ահազանգում է Լոռվա Դարպաս գյուղի 24-ամյա բնակիչ Սուրեն Ասլամազյանի հետ պատահած սարսափելի դեպքի մասին:
ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ժամանակ Սուրենը ձեռք է բերել արյան քաղցկեղ ու ժամկետից շուտ զորացրվել: Նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ ապահովելը մնացել է առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին:
Թեև Սուրենը պետությունից ամսական երկրորդ կարգի զինվորական հաշմանդամության թոշակ է ստանում, անուամենայնիվ, 33 հազար դրամը այն սահմանն է, որից այն կողմ պետությունն իրեն այլևս անելիք չի վերագրում:
Ըստ աղբյուրի, Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին ասել է, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած թոշակն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում. «Ամեն ամիս Երևանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք:
Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի մոմի նման հալչում է»:
52-ամյա մոր միակ հույսը որդու` կանոնավոր բուժում ստանալն ու արյան փոխներարկումն է, որի արդյունքում արյունը, հնարավորինս փոխարինվելով նորով, ապրելու հնարավորություն կտա նրան. «Դիմում եմ բոլոր կամեցող մարդկանց, օգնեն, կարողանամ որդուս բուժել, վրան էլ վիճակ չկա, ամբողջ օրը անկողնում պառկած է, չի կարողանում անգամ շարժվել, մարմինը ցավում է, առաջացած բշտիկներն էլ օր օրի մեծանում են»,-ասում է Թամարա Թորոսյանը:
«24-ամյա երիտասարդին օգնելու համար հաշվեհամար է բացվել: Թամարա Թորոսյանը հույս ունի, որ մարդիկ անտարբեր չեն գտնվի իր ցավի նկատմամբ.
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Վանաձոր» մասնաճյուղ, հաշվեհամար` 23 800 27 17 28 40 100»,-նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով փաստը, որ Սուրեն Ասլամազյանը նախկին զինծառայող է, խնդրի վերաբերյալ Panorama.am-ը դիմեց պաշտպանության նախարարություն:
Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարությունը նման դեպքերում օրենքով նախատեսված պարտավորություններ չունի, սակայն նախարարությանը դիմելու դեպքում հնարավորության սահմաններում աջակցություն է ցուցաբերվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները