Արցախի նախագահ. ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին և հյուրերին:
Մենք չափազանց կարևորում ենք փառատոնի անցկացումն Արցախում և մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին:
Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի գոհարները:
Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման և մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները:
ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ և պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարևորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաև նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:
Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները