Թուրք ընդդիմադիր գործիչը քննադատում է Անկարայի` օդանավ իջեցնելու վարքագիծը
Թուրքիայի ընդդիմադիր ուժերից մեկի` «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է թուրքական իշխանությունների` հարևանների ինքնաթիռները հարկադիր իջեցնելու և ուղեբեռը զննելու աշխատաոճը:
Մասնավորապես, նախօրեին Էրզրումում հարկադիր վայրէջք կատարած հայկական քաղաքացիական ինքնաթիռի վերաբերյալ Բահչելին ասել է հետևյալը. «Այս և նման կանխարգելիչ միջոցառումները պետք է չափավոր և պատշաճորեն կատարվեն: Հարկավոր է խուսափել հակառակ կողմին վիրավորելու կամ նսեմացնելու երանգներ պարունակող գործողություններից: Ավելի ստույգ ասած` պետք է խուսափել հատկապես խնդրահարույց հարևանների թիվը ավելացնելուց, քանի որ Սիրիայի հետ արդեն ահավոր հարաբերություններ են, Իրանի հետ մակընթացություն ու տեղատվություն է և այլն»:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` ընդդիմադիր կուսակցապետը նաև ընդգծել է, որ մանավանդ Ռուսաստանին կոնֆլիկտային ճակատ ներգրավելն ընդհանրապես չի բխում թուրք ժողովրդի ու թուրքական պետության շահերից: