Լ. Զուրաբյան. ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն
Միասնական թեկնածուի հարցը ոչ մի տեղ չի քննարկվել, դա մամուլի կողմից է «մոգոնված»: Ասուլիսում այս մասին ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե խոսակցությունների համաձայն Վարդան Օսկանյանը լինելու է ընդդիմության միասնական թեկնածուն:
Լ. Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ում ընդհանրապես միասնական թեկնածուի հարց չի քննարկել, քանի որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև նա իր որոշումը դեռ չի հայտնել:
Նա միաժամանակ ասաց, որ պահեստային տարբերակներ չեն մշակում, կենտրոնացած են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման վրա: «Եթե իրատեսական չհամարեինք նրա առաջադրումը, ընդհանրապես այդ մասին չէինք խոսի»,- ընդգծեց պատգամավորը:
Լ. Զուրաբյանը նաև ասաց, որ Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման հարցի շուրջ ՀԱԿ-ում որևէ տարաձայնություն չկա:
Նա անիմաստ համարեց նաև այն խոսակցությունները, թե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն առաջադրելու է իր կամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունները: «Նման խոսակցությունները բացառապես այլ նպատակներ են հետապնդում»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանրահավաք չի անում հարցին, ՀԱԿ համակարգողը պատասխանեց, քանի դեռ նախագահի առաջադրման հարցում վերջնական որոշում չկա, իսկ մարդիկ հենց դրան են սպասում, անիմաստ են համարում հանրահավաք անել: «Երբ ստանանք լիակատար պարզություն, նոր ժողովրդին կուղղենք մեր ուղերձը»,- նշեց Լ. Զուրաբյանը: