Մաշտոցի 33/1 շենքի սեփականատերերը դիմում են երկրի ղեկավարին. Այս մութ պատմությունից տուժել ենք մենք, հարստացել` խաբեբաները
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի սեփականատերերը դիմում-բողոք են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բնակիչները դժգոհում են, որ փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի:
«Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում տիրում է անմխիթար վիճակ, երբեմնի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն պատվիրել է Վ.Մ.Գ. գրուպ ՓԲԸ-ին ավարտել շինարարությունը և ըստ սեփականատերերի հետ կնքված գնման պայմանագրի, պարտավորություն էր կրում մինչև 31.05.2010թ. ավարտելու շինարարական մոնտաժային աշխատանքները, ապահովելու 33/1 շենքի գույքային համալիր հարդարումը և հարակից տարածքների բարեկարգումը, ըստ օրենքով սահմանված կարգի` շինարարական մոնտաժային աշխատանքների ավարտի վերաբերյալ համապատասխան ակտերի առկայությամբ շահագործման հանձնելու համար, սակայան աշխատանքները ամբողջությամբ թերի են մնացել:
Ստացվել է այնպես, որ ներկայումս «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել և նրա տրամադրության տակ եղած անշարժ գույքը մեզ հասած
տեղեկություններով օտարվել է կամ գրավադրվել բանկերում և հիմա մենք` բնակիչներս, կանգնած ենք փաստի առաջ, քանի որ շենքը հնարավոր չէ շահագործել և չկա որևէ մեկը ով պատասխանատու է այս վիճակի համար:
Բնակիչներից շատերը չեն կարողանում գալ և ապրել այստեղ, քանի որ ապրելու համար նախատեսված նույնիսկ տարրական անվտանգության նորմերը ապահոված չեն: Բոլոր 13 հարկերում բաց են վերելակի համար նախատեսված հորանների դռները, նույնիսկ արդեն մեկ մահվան պատճառ են հանդիսացել, շենքը վերածվել է առնետենրի համար պատսպարանի, անմիջապես շքամուտքի դիմաց հսկայական փոս է փորված, որը շուրջ 2 տարի է վերածվել է աղբանոցի, ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարությունը և մուտքերի հարդարումը անավարտ է: 2011թ-ին դիմել ենք քաղաքապետան սույն հարցով և ստացել վերացական պատասխան:
Բազում խնդիրերից ցանկանում ենք առանձնացնել ամենակարևորները…
1. 13 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի համար նախատեսված 2 վերելակից մինչ օրս չի տեղադրվել և ոչ մեկը, ինչը անհնար է դարձնում շենքի շահագործումը բնակիչների կողմից:
2. Շենքի բակային հատվածում 200քմ մակերեսով և 3 մետր խորությամբ փոսը սպառնում է շրջակա թվով 3 բնակելի շենքերի բնակիչների և Շահումյան դպրոցի աշակերտների անվտանգությանը:
3. Շենքը չունի օրինական ջրամատակարարում և Էլեկտրամատակարարում:
Խնդրում ենք Ձեր անմիջական միջնորդությունը աջակցելու գտնել մեղավորներին և ստիպել նրանց որպեսզի կատարեն օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, ինչպես նաև պաշտպանելու ՀՀ քաղաքացու իրավունքներն ու շահերը: Այս մութ պատմությունից տուժել ենք մեք, ՀՀ քաղաքացիներս և մեր հաշվին հարստացրել խաբեբաներին: Նախապես հայտնում ենք շնորհակալություն:
Դիմողներ ` Մաշտոցի 33/1 շենքի սեփականատերեր: