ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացնում աբովյանցի հայտնի գործարարի սպանության գործով
Աբովյանի հայտնի գործարար, «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՊՆ քննչական ծառայությունը Panorama.am-ին ներկայացրել է նոր մանրամասներ:
Հիշեցնենք` այս գործին Panorama.am-ը բավականին հանգամանալից անդրադարձել էր և տեղեկացրել, որ գործարարի սպանության փաստի կապակցությամբ արդեն իսկ երեք անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նրանք այժմ կալանավորված են:
Այսպես, ՊՆ քննչական ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 14-ին ժամը 00-ի սահմաններում «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Արարատի Խաչատրյանը, որտեղ նրան ուղեկցողները հայտնել են, որ նույն օրը Մ. Խաչատրյանը համալիրում վայր է ընկել: Վիճակի ծանրությունից ելնելով, վերջինիս տեղափոխել են «Սուրբ Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնում 14.09.2012թ. նախապատրաստվել են նյութեր և որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Ըստ աղբյուրի, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ. Խաչատրյանը վայր է ընկել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռոստոմի Քարհանյանի հրելու հետևանքով և որոշում է կայացվել նյութերն ըստ ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկել: Սեպտեմբերի 27-ին նախապատրաստված նյութերը ստացվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: Նույն օրը ՀՀ քր. օր-ի 112 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հարուցվել է քրեական գործ և սկսվել նախաքննություն: Սեպտեմբերի 27-ին ժամը 18:30-ին «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել է Մկրտիչ Արարատի Խաչատրյանի կենսաբանական մահը:
Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Ռոստոմի Քարհանյանին հոկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդ. 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՊՆ քննչական ծառայությունից Panorama.am-ին նաև տեղեկացնում են, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ. Խաչատրյանը վնասվածքներն ստացել է մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, այսինքն՝ Ա. Քարհանյանի հետ միասին Մ. Խաչատրյանին ծեծի են ենթարկել Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները:
Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ աղբյուրի, քրեական գործով հարցաքննվել են մոտ երկու տասնյակ վկաներ, կատարվել տեսանկարահանման սարքի առգրավում, որոշում է կայացվել դատակենսաբանական, դատատեսաձայնագրառման փորձաքննություններ նշանակելու մասին: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար ուղարկվել են համապատասխան հանձնարարություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Նոր զարգացումներ աբովյանցի գործարարի սպանության գործով. Կան ևս երկու ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում