«Փուչիկների գործ»-ով ամբաստանյալը քաղցկեղով հիվանդ է. Փաստաբանը խնդրում է պայմանական պատիժ կիրառել
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող փուչիկների գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը ներկայացրեց պաշտպանական ճառը և միջնորդեց դատարանին պայմանական պատիժ կիրառել:
Բացի այդ, այսօր առաջին անգամ հայտարարվեց, որ Սերոբ Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է: Մանուչարյանն ասաց, որ մինչ այժմ այդ մասին չէր հայտարարվում, որովհետև ամբաստանյալը չէր ցանկանում, քանի որ կարծում էր, թե այսքան մարդ տուժել է և այս դեպքում կարևոր չէ նրա առողջությունը:
Այժմ դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակում է:
Նախորդ դատական նիստում, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 11-ին մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն ներկայացրել էր մեղադրական ճառը և դատարանին միջնորդել մեկ տարվա ազատազրկման դատապարտել Սերոբ Բոզոյանին:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Փուչիկները Սերոբ Բոզոյանից պատվիրել էր Հանրապետական կուսակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին