Ո՞ւմ է դիմել առաքիչը` ոստիկանի՞ն, թաղային հեղինակությունների՞ն, թե՞...
Երեկ օրը ցերեկով Երևանի փողոցներից մեկում մեքենա է անհետացել:
Ականատեսների վկայությամբ` ժամը 17-ի սահմաններում, ինչ-որ ընկերության առաքիչ Volkswagen մակնիշի ավտոմեքենան` բեռով լիքը,կանգնեցրել է Երևանի Հանրապետության փողոցում` «Զովք» սուպերմարկետի մոտ, մտել խանութ, իսկ հետո երբ վերադարձել է, նկատել է, որ մեքենան անհետացել է:
Ականատեսներից մեկը պատմում է. «Վարորդը շվարած կանգնել էր, փորձում էր մտաբերել մեքենայի դռները բաց էին, թե` ոչ : Նրան զարմացրել էր այն, թե ո՞նց կարող էին օրը ցերեկով այդքան արագ, րոպեների ընթացքում մեքենան առևանգել, մանավանդ, որ բանալին իր ձեռքում էր»:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին փոխանցեցին, որ երեկ մայրաքաղաքում նման դեպք չի արձանագրվել, համենայն դեպս այս պահի դրությամբ չկա բողոք, չկա տուժող անձ:
Ոստիկանության աշխատակիցը փոխանցեց նաև իր ենթադրությունը. «Կարող է «առևանգողը» առաքիչի ընկերն է եղել, կատակ է արել, կամ էլ, ասենք, ձեր նշած վայրում երեկ սերիալ էին նկարահանում, ականատեսները գլխի չեն ընկել և ձեզ պրովոկացիայի են ենթարկել»:
Հուսանք, որ այս միջադեպն իրոք ճկուն մեկի կողմից արված կատակ է եղել, ինչպես փորձում է եզրակացնել իրավապահ համակարգի ներկայացուցիչը, հակառակ դեպքում` կարելի է եզրակացնել, որ քաղաքացին ընդամենը չի վստահում ոստիկանությանը, այդ պատճառով էլ չի դիմել:
Չմոռանանք`մայրաքաղաքում նման հանգամանքներում այլընտրանքային լուծում եղել և մնում է «թաղի տղերքին դիմելու» տարբերակը: Հավանաբար կարծում են` և ժամանակի կորուստ չի լինի, և գողոնն անպայման ետ կվերադարձվի: