Հայկական վիրտուալ համալսարանը դիմել է ԿԳՆ` բարձրագույն կրթական ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը երեք տարեկան է: Իր առամյա գործունեության ընթացքում ՀՎՀ-ն ավելի քան 2000 մասնակից է ունեցել 63 երկրից: Այսօր օն-լայն կազմակերպվեց նաև առաջին շրջանավարտների ավարտական հանդիսությունը, առաջին անգամ Հայաստանում շրջանավարտներն օն-լայն դիպլոմներ ստացան:
Համալսարանի ուսանողների ընդարձակ աշխարհագրությունը հասնում է ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Վենեսուելայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Շանհայ: Լրագրողներին ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և ՀՎՀ հիմնադրամի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանն ասաց, որ աշխարհագրությունն արդեն ապացուցում է, որ այս կրթական ծրագիրն արդարացնում է տասնամյակների ընթացքում հայկական սփյուռքի առջև ծառացած կրթական խոչընդոտները հաղթահարելու իր նպատակը:
«Սփյուռքում միայն հինգ տոկոսը հնարավորություն ունի հայկական դպրոց հաճախել, մեր համալսարանը նպատակ ունի հենց մնացած 95 տոկոսին հայեցի կրթություն, դաստիարակություն հասցնել»,- ասաց նա:
Ե. Զորյանը նաև հայտարարեց, որ Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է զարգանալ, ավելացնել դասընթացների և ծրագրերի քանակը: Նրա խոսքով, ավելանում են ինչպես ուսանողների, այնպես էլ համագործակցող դպրոցների թիվը: Համալսարանը նաև ազդարարում է երեք նոր ծրագրի մեկնարկը` ՀՎՀ փաթեթ երեխաների համար, ՀՎՀ ուսուցում մոբիլ սարքերի միջոցով, ՀՎՀ մուլտիմեդիա փաթեթներ և հայկական պատմության և մշակույթով հետաքրքրված անձանց համար, որոնք ՀՎՀ ուսանող չեն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայկական վիրտուալ համալսարանի ստեղծումից հետո Հայաստանում սկսեց զարգանալ դիստացիոն կրթության հնարավորությունը, նաև հայապահպանության խնդիր է լուծում: Նա միաժամանակ նշեց, որ այս Հայկական վիրտուալ համալսարանից օգտվողներն այնքան էլ շատ չեն, չնայած իր լայն հնարավորություններին: «Երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնելու համար Բարեգործական միության հետ սկսում ենք քոլեջի լիցենազավորման գործընթաց: Վիրտուալ համալսարանը դիմել է մեզ, որպեսզի Հայաստանում պաշտոնապես ստանա բարձրագույն կրթական ծառայություններ մատուցելու լիցենզիա: Ընթացակարգը բարեհաջող անցնելու դեպքում ուսանողները կարող են ստանալ պետական նմուշի վկայագիր, այսինքն` Հայկական վիրտուալ համալսարանը կլինի Հայաստանում առաջին վիրտուալ ուսումնական հաստատությունը, որ կստանա պետական նմուշի լիցենզիա»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությունն է հայկական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել հետաքրքրված բոլոր անհատներին և խմբերին ամբողջ աշխարհում: ՀՎՀ-ն թույլ է տալիս ուսանողներին սովորել նյութն իրենց նախընտրած տեմպով, դեմ առ դեմ հանդիպել օն-լայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906թ., որի նպատակն է պահպանել և զարգացնել հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա