Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր հովվությանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունն են բերում հայոց բանակում: Նորին Սրբությունը նաև նշել է, որ բանակի հոգևոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իտալիայի Պաշտպանության նախարարը խոսել են նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան