Չի բացառվում, որ գազը եկող տարվանից կթանկանա
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ հաջորդ տարվա ապրիլի մեկից Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կազմի մինչև 196 դրամ` գործող 132 դրամի փոխարեն: Համենայնդեպս, ըստ թերթի աղբյուրների, եթե իրականանա ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ այս պահին ընթացող բանակցություններում ռուսական կողմի առաջարկած գինը, ապա բնակչությանը մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի սակագինը կկազմի հենց 196 դրամ: Դա նշանակում է, որ ՌԴ-ն գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում առաջարկում է ՀՀ-ին մատակարարվող հազար խմ գազի գինը դարձնել 330 դոլար, ներկայումս պաշտոնապես հայտարարվող 180 դոլարի փոխարեն (իրականում ներկայիս գինը մոտ 230 դոլար է): «Սակայն ավելի հավանական է թվում, որ կողմերը կհամաձայնեն հազար խմ-ի դիմաց 250-260 դոլար գնի շուրջ: Այս դեպքում բնակչությանը վաճառվող գազի սակագինը, ըստ թերթի աղբյուրի, պետք է կազմի 163 դրամ: Թե նշված տարբերակներից որի վրա կկանգնեն, կպարզվի հաջորդ տարվա գարնանը»,- գրում է թերթը: