Նագորնյակ. «Շախտյորը» նվազագույնը 20 մլն եվրո կպահանջի Մխիթարյանի համար»
Ֆուտբոլային փորձագետ Սերգեյ Նագորնյակը կարծում է, որ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը պետք է տեղափովի եվրոպական լավագույն որևէ առաջնություն:
«Կարծում եմ` այսօր Հենրիխն Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստն է: Նա 14 գոլ է խփել 11 խաղում, բայց հարցը դրանում չէ: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում աշխատում է «Շախտյորի», այլ ոչ թե իր գոլերի քանակը ավելացնելու համար: Չափազանց թիմային ֆուտբոլիստ է:
Արդեն երրորդ մրցաշրջանն է` Մխիթարյանը հանդես է գալիս «Շախտյորում»: Անկեղծ ասած` չէի սպասում, որ նա խաղային նման բարձր մակարդակի վրա կհայտնվի: Իսկ դա մի քանի պատճառներ ունի: Որակավորում ունեցող մասնագետը նրա մեջ տաղանդ է տեսել ու վստահում է նրան: Մխիթարյանը նաև գերազանց է համագործակցում բրազիլացիների հետ, որովհետև տեխնիկապես նույնպես գրագետ է: Ժադսոնը հեռացավ, և տեղ բացվեց հարձակողական ոճի կիսապաշտպանի համար: Բայց գլխավորն այն է, որ Մխիթարյանը շատ պահանջկոտ է իր հանդեպ: Նկատելի է, որ անընդհատ ուզում է կատարելագործվել:
Հարգում եմ «Շախտյորին», որովհետև եվրոպական մակարդակի թիմ է: Բայց դոնեցկյան թիմը հանդես է գալիս Ուկրաինայի առաջնությունում, որն ամենաուժեղը չէ Եվրոպայում: Որպեսզի լիովին բացահայտի իր ներուժը, Հենրիխը պետք է տեղափոխվի եվրոպական որևէ ուժեղագույն առաջնություն: Եվ դա պետք է անի այս մրցաշրջանի ավարտից հետո` առաջիկա ամռանը:
20 մլն եվրոն ամենափոքր գումարն է, որի դիմաց Մխիթարյանին բաց կթողնեն: Շեշտում եմ` ամենափոքրն է: Պոտենցիալ գնորդը պետք է մեծ գումարներ պատրաստի: Դժվար թե լոնդոնյան «Արսենալը» կարողանա նման ծախսեր կատարել: Չնայած իր խաղաոճով հենց այդ թիմն է լավագույնս համապատասխանում հայ կիսապաշտպանին»,- կարծում է Նագորնյակը: