ՀՀ նախագահ. Ադրեբջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է
Հարավային Կովկասի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության անբաժանելի մասն է: Քիչ առաջ ԵԺԿ 21-րդ համագումարի ժամանկ իր ելույթում ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»,-Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին ԵԺԿ ներկայացուցիչների առջև ևս մեկ անգամ բարձրաձայնեց երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը ներկաներին հիշեցրեց Սաֆարովին Հունգարիայի կողմից արտահանձնելու և Ադրբեջանի կողմից մարդասպանին հերոսացնելու փաստերը:
«Վերջերս ԵՄ անդամ երկրի կողմից արտահանձնած մարդասպանին հերոսացնելով` Ադրեբջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»,-ասաց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ 2004-ին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, օգոստոսին արտահանձնվեց Ադրբեջանին: Այդ երկրի նախագահը մարդասպանին հերոսի կոչում շնորհեց:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:
Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում:
Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափով տարվող բանակցություններին և դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետևանքների բուն պատճառները, նաև փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների և բանակցային գործընթացը խոչընդոտող և քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում և Եվրոպայի խորհրդում:
ԱԳՆ պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը ևս կասկածի տակ է դնում փոխզիջումային կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը և մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության և ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր և պարտավորություններ: Ըստ էության, Ադրբեջանը տապալում է նաև կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական, ռազմական և հումանիտար բնույթի բոլոր նախաձեռնությունները: Մասնավորապես Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի և շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են