Ա. Շիֆ. Սաֆարովի հանդիսավոր ընդունելությունը Բաքվում ժամանակակից Ադրբեջանի հայատյացության աստիճանի ապացույցն է
«Asbarez.com» տպագրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի` «Ժամանակն է վերակենտրոնանալու Արցախի վրա» խորագրով հոդվածը:
«Երբ մոտ 20 տարի առաջ Խորհրդային Միությունը փլուզվեց, դարձյալ բռնկվեցին տասնամյակներ շարունակ ճնշված էթնիկ և տարածաշրջանային հակամարտություններ։ Կովկասում կենտրոնացած մարտերը վայիվերումներով տարիներ տևեցին, իսկ որոշ հակամարտություններ չլուծվեցին կամ «սառեցվեցին», քանի որ ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները զբաղված էին Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ճգնաժամերով, ինչպես նաև սեփական տնտեսական խնդիրներով:
Այդ բախումներից ամենաթեժն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի միջև փակուղին էր. բացառապես հայկական տարածք, որը Խորհրդային իշխանության օրոք` 1923-ին անցել էր Ադրբեջանի տիրապետության տակ, չնայած Հայաստանի հետ դարավոր մշակութային, լեզվական և կրոնական կապերին։
Միխայիլ Գորբաչովի օրոք 1988-ին, երբ Խորհրդային կենտրոնական իշխանությունը սկսեց թուլանալ, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերսկսեց երկարատև պայքարն Ադրբեջանից անկախանալու համար, ինչը տևեց մոտ 6 տարի: Այս ընթացքում երկու կողմից էլ հազարավոր զոհեր եղան և հազարավոր մարդիկ հեռացան իրենց տներից. հրադադարը կնքվեց 1994թ.-ի մայիսին»,-նշված է հոդվածում:
«Իրավիճակն ավելի վատթարացավ անցյալ ամիս, երբ ազատ արձակվեց Ռամիլ Սաֆարովը, ով 2004-ին Բուդապեշտում կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Օգոստոսի 31-ին Սաֆարովն ուղարկվեց հայրենիք: Բանտի փոխարեն նա այնտեղ որպես հերոս ընդունվեց և վարդերի փնջով շրջեց Բաքվի փողոցներում։ Նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց նրան՝ տալով մայորի կոչում, բնակարան և 8 տարիների աշխատավարձը։ Սաֆարովի հանդիսավոր ընդունելությունը Բաքվում ժամանակակից Ադրբեջանի հայատյացության աստիճանի ապացույցն է:
Եթե քնած մարդուն սպանելը դիտվում է որպես հերոսություն, ապա այն ապացուցում է շատ հայերի մտահոգությունները, թե Արցախի ազատ ժողովրդի՝ ադրբեջանական սուվերենության մեջ մտցնելը կհանգեցնի արյունահեղության: Ալիևի կառավարության նման քայլը փակեց Արցախի կարգավիճակի հարցում մոտ ապագայում առաջընթաց գրանցելու ցանկացած հնարավորություն»,- գրում է ԱՄՆ կոնգերսականը:
Շիֆը նշում է, որ ինքը երկար ժամանակ աջակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը, և հավատում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը և Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չեն արտացոլել Արցախի ժողովրդի կամքը, կռիվների վերսկսման հեռանկարը և դրա սարսափելի հետևանքները կարող են աճել։ Բոլորի շահերից է բխում այս հարցի կարգավորումը, և դա 2013 թ.-ի դիվանագիտական առաջնահերթություն պետք է լինի:
Արցախի ժողովուրդը՝ ճնշող մեծամասնությամբ հայեր և քրիստոնյաներ, չպետք է հայտնվեն Ալիևի ձեռքում։ Մարդասպանի վերադարձը տոնելով՝ նա և իր ժողովուրդը ցույց տվեցին իրենց իրական էությունը և համոզիչ փաստ տվեցին Արցախի անկախության ճանաչման համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են