Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենն այցելել է Ազգային ժողով
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպում է ունեցել Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արտակ Դավթյանը նշել է, որ հոկտեմբերը Հայաստանի խորհրդարանում նշանավորվում է Գերմանիային առնչվող միջոցառումներով և գերմանացի գործընկերների այցելություններով. այդ ամենի տրամաբանական շարունակությունն է նաև Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրենի այցը Հայաստան և ՀՀ Ազգային ժողով:
Տիկին Շնայդեր-Կեմպֆին պատմել է այն ծրագրերի մասին, որոնք Բեռլինի պետական գրադարանն ունի՝ կապված Հայաստանի, հայկական մշակույթի հետ:
Նրա խոսքով՝ այդ գրադարանում է պահվում Գերմանիայում հայ գրականության ամենամեծ ֆոնդը՝ շուրջ 10 մլն գիրք, և ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքերով:
Ինչպես տեղեկացրել է տիկին Շնայդեր-Կեմպֆը, Հայաստանի ազգային գրադարանի հետ ստորագրած հուշագրի շրջանակներում համատեղ ծրագրեր կիրականացվեն, կկազմակերպվեն փոխայցելություններ, կլինի փորձի փոխանակում: Բեռլինի պետական գրադարանի ծրագրում ընդգրկված են հայ գրականության երկու ցուցադրություններ՝ նվիրված 2012-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Գերմանացի հյուրը հետաքրքրվել է Հայաստանում գերմաներենի ուսուցման դրվածքով: Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուսուցանվում է հայկական դպրոցների մի մասում, տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 100 հայ ուսանող է մեկնում՝ կրթություն ստանալու Գերմանիայում, Երևանում հաջողությամբ գործում է գերմաներենի ուսուցման կենտրոն: Նա նաև նշել է, որ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ պատրաստվում է հաղթահարել գերմաներենի բարդությունը և այդ լեզուն սովորելով՝ օրինակ ցույց տալ մյուսներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում