Դավիթ Հակոբյան. ԱՄՆ-ն հերոսացնում է Օսկանյան Վարդանին` դարձնելով Մամիկոնյան Վարդան
«Արքունի թութակին հորդորում եմ Աստծուց առաջ չընկնել, որովհետև Աստված երբեմն հանդուգններին չար պատիժներ է շնորհում: Երկրորդ, արքունի թութակին հիշեցնեմ, որ նախագահական մարաթոնը սպորտային մրցապայքար չէ, որ առաջին, երկրորդ տեղեր բաշխենք, նախագահական մարաթոնը ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները»,- ասուլիսում նման «հորդորով» հանդես եկավ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` նշելով. «Ներքաղաքական զարգացումներից առավել ուշադրության արժանի կհամարեի այս վերջին ժամանակներում արքունի թութակներից մեկի հայտարարությունն առ այն, որ գործող նախագահն ընտրություններում մրցակից չունի, կվերարտադրվի վիկինգների դինաստիան և գործընթացները կգնան երկրորդ տեղի համար»:
Նրա խոսքով, գահին պետք է բազմի նա, ով կարող է լինել տնտեսական նոր քաղաքականության, հայեցակարգի գլխավոր ճարտարապետը, գահին բազմած այդ մարդը պետք է լինի ազգի ուսուցիչ, առաջնորդ, հայր, բարոյահոգաբանական խորհրդանիշ: «Այնպես որ գահը հափշտակել չի նշանակում լինել երկրի նախագահ»,- ասաց Դ. Հակոբյանը:
Նա նշեց, որ ինքը մասնակցելու է նախագահական ընտրություններին, այդ իսկ պատճառով հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել թիվ 1 (Ավան) ընտրատարածքում` որպես պատգամավորի թեկնածուի:
Խոսելով նախագահական ընտրություններում առաջադրվող հնարավոր այլ թեկնածուների մասին, օրինակ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, երկրի գլխավոր մարքսիստն ասաց, որ նրանք ամերիկյան քաղաքական սպասարկողներ են: «Երբեք Հայաստանն այդքան արտաքին ճնշումների չի ենթարկվել, որքան այսօր` կապված Օսկանյան Վարդանի հետ: Քաղաքական գործիչների խնդիրն է պատասխանել մեկ հարցի` ի՞նչ անել, քանի որ ԱՄՆ-ն տասը տարի շարունակ նախապատրաստում է ագենտ 007, Ջեյմս Բոնդ, մենք գլխի չենք ընկել: ԱՄՆ-ն հերոսացնում է Օսկանյան Վարդանին` դարձնելով Մամիկոնյան Վարդան»,- ասաց բանախոսը:
Դ. Հակոբյանի խոսքով, ԱՄՆ նախապատրաստում է իր թեկնածուին, իսկ ռուսամետ ուժերը քնած են: Նա հորդորեց ռուսամետ քաղաքական ուժերին նախապատրաստել իրենց թեկնածուին: Մարքսիստի խոսքով, ինքը կարող է լինել այդ թեկնածուն: Միաժամանկ նա նշեց, որ ինքը սատարողների կարիք չի զգում, իր հիմնական ընտրազանգվածը կանայք են: Պատասխանելով այն հարցին, թե ընտրություններին մասնակցելու համար ինչքա՞ն գումար են ներդնելու ու որտեղի՞ց, Դ. Հակոբյանն ընդգծեց. «Կներեդրվի այնքան, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար»:
Ի դեպ, նա նաև հորդորեց, որ նախագահական ընտրություններից առաջ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակի ԱԺ նախագահ, Գագիկ Ծառուկյանին` վարչապետ ու քաղաքական ներքին կայունություն ապահովելով` նոր գնալ ընտրությունների: