«Սզնի»-ի ղեկավարը պահանջում է պատժել «Նատալի Ֆարմ»-ին
Վանաձորում դեղերի իրացմամբ զբաղվող «Սզնի» ՍՊԸ-ի ղեկավար Գառնիկ Սահակյանը նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և «իբրև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական» քայլերի հետևանքով սնանկացած կողմ պահանջում է «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին և իրեն հասցված վնասները ողջ ծավալով:
Նամակում ասված է հետևյալը. «Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:
Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես «պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:
Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Նատալի ֆարմ” ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել “Սզնի” ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում “Սզնին” կանգնել է սնանկացման առջև: Դա այն դեպքում, երբ “Նատալի ֆարմը” նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում “Նատալի ֆարմը” նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:
Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. “Նատալի ֆարմ” ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով “Սզնի” ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն”: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ “Նատալի ֆարմ” ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում “Սզնի” ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են “գերիշխող դիրքի չարաշահում” և նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:
Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի “Նատալի ֆարմ” ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր և հետևողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու և ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, և այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաև իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:
Իբրև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում սնանկացման հասցված և շուկայից դուրս մղվող կողմ, ես` “Սզնի” ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս պահանջում եմ, որ “Նատալի ֆարմը” փոխհատուցի ՀՀ պետբյուջեին և ինձ հասցված վնասները ողջ ծավալով և “Գնումների մասին” ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու և հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն:
Գառնիկ Սահակյան
“Սզնի” ՍՊԸ տնօրեն, Վանաձոր»
«Օլիգոպոլիան» Հայաստանում կլանում է փոքր բիզնեսը. ՏՄՊՊՀ-ն լռում է
«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան