Օսկանյանը ԲՀԿ-ի համար ընդամենը ժամանակ շահելու միջո՞ց է
Երկրի ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգներից մեկը շարունակում է մնալ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լռում է, քանի որ գործող քաղաքականության մեջ նրա փոխարեն որոշումներն այլ անձինք են կայացնում: Սակայն մինչ Գ. Ծառուկյանը լռում է, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակտիվ հայտարարություններ է անում առ այն, թե եթե ԲՀԿ-ի առաջնորդը չառաջադրվի կայանալիք նախագահական ընտրություններում, ապա ինքը պատրաստ է անել դա:
«Голос Армении»-ն գրում է, որ այս իրադարձությունների կապակցությամբ գոյություն ունի 3 վարկած. Վարկած 1. Օսկանյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձ` խանգարելու Գագիկ Ծառուկյանին հայտարարել, որ ինքը 2011թ-ի փետրվարին ստորագրված հուշագրի համաձայն 2013թ-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է ՀՀ գործող նախագահի թեկնածությունը:
Ըստ թերթի` Ծառուկյանին ավելորդ գլխացավանք պետք չէ, քանի որ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան թանկ նստեց Բարգավաճի վրա 30% ձայն հավաքելը, ընդ որում, ինչպես նկատում է «ГА»-ն, այդ ձայների մեծ մասը բարեգործության արդյունք էր, իսկ կուսակցության իրական վարկանիշը 10-15% է: Վարկած 2. Իր հայտարարությամբ Օսկանյանը պարզապես փորձեց ինքնագովազդի փորձ անել և ևս մեկ անգամ ցույց տալ, թե իր նկատմամբ հարուցված քրեական հետաքննությունը զուտ քաղաքական բնույթ է կրում: Վարկած 3. Գ. Ծառուկյանն անձամբ շահագրգռված էր Օսկանյանի կողմից նման հայտարարություն անելու մեջ, քանի որ այս հայտարարությունը հնարավորություն տվեց վերջինիս մի քիչ էլ ժամանակ ձգել: Համատեղելով բոլոր երեք վարկածները` թերթն, այնուամենայնիվ, եզրակացնում է, որ Վ. Օսկանյանը գործող նախագահի համար ավելի ցանկալի մրցակից է, քան նույնիսկ Գ. Ծառուկյանը: