2013թ-ի հունվարից տնտեսվարողները պետք է չիպերով ՀԴՄ-եր օգտագործեն
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ 2013թ-ի հունվարի 1-ից հսկիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) կիրառող տնտեսվարողները՝ ամսական ԱԱՀ վճարողները, պարտավոր են կիրառել այնպիսի դրամարկղային մեքենաներ, որոնցով հնարավոր է օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություններն ուղարկել հարկային մարմիններ: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ներկայումս հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ը չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, իսկ նոր ՀԴՄ-ների համար սահմանվել են լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։
Ըստ նրա՝ հարկային մարմինների կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումները վկայում են, որ հարկ վճարողները պետք է կիրառեն այնպիսի ՀԴՄ-ներ, որոնք ունեն ֆիսկալ տվյալների պաշտպանվածության ավելի բարձր աստիճան,ինչպես նաև՝ ժամանակակից կապի միջոցներով հարկային մարմիններին տեղեկատվություն փոխանակման հնարավորություն:
Գ.Խաչատրյանը նշեց, որ ՀԴՄ-ների նկատմամբ նոր պահանջների սահմանումը անհրաժեշտ պայմաններ կապահովի արդյունավետ հարկային վարչարարության իրականացման համար, ինչպես նաև ՀԴՄ կիրառողները հնարավորություն կունենան գնորդներին մատուցելու լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը:
ՊԵԿ նախագահի խոսքերով՝ ՀԴՄ-երը պետք է ունենան չջնջվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, օպերատիվ, հիմնական և լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու, SIM քարտի միջոցով կոդավորման հնարավորություն և այլն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչում է կայանում գործող համակարգի թերությունը, Գ.Խաչատրյանը նշեց, որ մի շարք փոփոխությունների համաձայն՝ հարկային մարմինների տեսուչներն այլևս չեն այցելում տնտեսվարողներին, բացի այդ՝ տնտեսվարողներին հնարավորություն տրվել է ինքնուրույն ներկայացնել ծավալները, սակայն վերլուծությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումները բավարար հիմքեր են տալիս եզրակացնելու, որ տնտեսվարողները ծրագրային միջամտություններ են անում, ինչը նվազեցնում է հարկային մուտքները, ինչպես նաև շրջանառվող ծավալները:
«Այս նոր համակարգը ենթադրում է, որ մենք ունենալու ենք միասնական ցանց, օնլայն ռեժիմով կապ ՊԵԿ-ի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ի համար, և դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի», -ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ, կառույց, որին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։
«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի ինչպես միջազգային, այնպես էլ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով, ՀԴՄ-ների միջոցով ունենան վճարման հնարավորություն»,- ասաց Տ.Սարգսյանը:
Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։ «Մենք որպես պետություն պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի», - շեշտեց վարչապետը: