Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին
Ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները «Հրապարակ»-ին տեղեկացրել են, որ բարձրաստիճան այցերը չեն կարող «սպոնտան» լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե արարողակարգային, թե անվտանգության, առավել ևս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով:
«Այս պահին որևէ նման փաստաթուղթ կարծես թե չկա»,- պնդել են նրանք:
Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը, ապա, ըստ նրանց, «դեռ վաղ է այդ մասին խոսելը, ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է` վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա և ոչ թե հակառակը»:
«Հրապարակը» հիշեցնում է` 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ:
Թերթը փորձել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել` կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ:
«Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք»,-ասել է ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանը: