Փորձագետ. Իվանիշվիլին հասավ իր նպատակին
Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու կապակցությամբ, ինչպես նաև Վրաստանում ընթացող հետընտրական զարգացումների մասին Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Միխեիլ Սաակաշվիլիի` Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու որոշումը:
-Դա սպասելի էր իհարկե, քանի որ Վրաստանի նախագահը պատրաստվում էր Իվանիշվիլիին առաջադրել վարչապետի պաշտոնում, և այս պահին վերջինիս Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու որոշումը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով, թեև Իվանիշվիլին կարող էր առաջադրվել նշված պաշտոնում նաև որպես Ֆրանսիայի քաղաքացի, քանի որ այս տարվա մայիսին խորհրդարանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունից հետո, ըստ որի Վրաստանում ծնված և ԵՄ անդամ երկրի քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարիներին մշտապես Վրաստանում բնակվող անձն իրավունք է ստանում որպես թեկնածու մասնակցելու 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններին: Սակայն Իվանիշվիլին հրաժարվել էր օգտվել սահմանադրական այդ փոփոխությունից` որակելով դա որպես մեկ անձի համար կատարված փոփոխություն:
-Նշանակում է Իվանիշվիլին ցանկանում էր որպես Վրաստանի՞ քաղաքացի մասնակցել ընտրություններին:
-Այո, քանի որ նա իրեն փաստացի համարում է Վրաստանի քաղաքացի: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Իվանիշվիլին, կարծես, փորձել էր սպառնալ Սաակաշվիլիին ասելով` «դե թող փորձի չվերականգնի քաղաքացիությունս»:Եվ իհարկե կարելի է ասել, որ Իվանիշվիլին հասավ իր նպատակին: Շուրջ մեկ տարի տևած պայքարի արդյունքում վերջինս կարողացավ վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը: Այդ ստատուսը Իվանիշվիլին կստանա նրա` Ֆրանսիայի քաղաքացիությունից պաշտոնապես հրաժարվելուց հետո:
-Իվանիշվիլին արդեն ներկայացրել է կառավարության կազմը: Արդյո՞ք կարող ենք ակնկալել, որ ազգությամբ հայեր ևս կընդգրկվեն այդ ցուցակում:
-Ձևավորվելիք նոր կառավարության կազմում ազգությամբ հայ նախարարներ ցավոք ընդգրկված չեն, սակայն չի բացառվում, որ հայազգի ներկայացուցիչներ նշանակվեն փոխնախարարների կամ խորհրդականների պաշտոններում: Նշեմ, որ, ընդհանուր առմամբ, բոլոր նախարարություններում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ:
-Եթե Իվանիշվիլին նշանակվի վարչապետի պաշտոնում, ապա այդ դեպքում ի՞նչ ապագա կունենա Սաակաշվիլիի թիմի գլխավոր դեմքերից մեկը հանդիսացող արդեն նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլի քաղաքական կարիերան:
-Այդ կապակցությամբ արդեն խորհրդարանական ընդդիմություն դարձած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կայացրել է որոշում, ըստ որի Մերաբիշվիլին այսուհետ կզբաղեցնի նշված քաղաքական ուժի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ի դեպ նա արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասել է. «ես ունեմ ծրագիր` վերափոխելու մեր կուսակցությունը նոր, ժամանակակից ժողովրդական կուսակցության, որը կպաշտպանի և կամրապնդի Վրաստանում ժողովրդավարությունը»: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նոր խորհրդարանում հանդես կգա մի քանի խմբակցությամբ, այսինքն` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները կընդգրկվեն առանձին խմբակցություններում:
-Ի՞նչ եք կարծում Իվանիշվիլին կառաջադրի իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններին:
-Կարծում եմ` ոչ, քանի որ եթե հավատանք նրա խոսքերին, ըստ որոնց` վերջինս նպատակ ունի երկու-երեք տարի անց դուրս գալ քաղաքական դաշտից, դժվար թե նա կարճ ժամանակով ցանկանա լինի նախագահի պաշտոնում: Թեև չի բացառվում, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց նա փոխի իր մոտեցումը և որոշի, այնուամենայնիվ, շարունակել քաղաքական կարիերան: Այդ դեպքում, իհարկե, մեծ են նրա` նախագահ ընտրվելու հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում