Խաչիկյանը հերթական փաստաբանն է փոխել. Վարոսյանն ասում է` վերջինն է լինելու
Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանից և Արմեն Սողոմոնյանից հետո այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը նոր փաստաբան ունի, որը Փաստաբանների պալատի անդամ Ժորա Վարոսյանն է: Վերջինը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ շաբաթ է` ստանձնել է Խաչիկյանի պաշտպանությունը:
Վարոսյանն ասաց, որ նյութերին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ: «Ես իրավասություն ունեմ ծանոթանալ Խաչիկյանի մասնակցությամբ տեղի ունեցած դատավարական և քննչական բոլոր նյութերին, իսկ դրանք ինձ կտրամադրեն մի քանի օրից»,- փոխանցեց փաստաբանը:
Նախորդ պաշտպան Արմեն Սողոմոնյանը Panorama.am-ին ասել էր, որ Խաչիկյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Դա հաստատեց նաև նոր պաշտպանը. «Առաջադրված մեղադրանքում պարոն Խաչիկյանն իրեն մեղավոր չի համարում»: Փաստաբանն ասաց, որ Խաչիկյանն առողջական խնդիրներ չունի, իսկ ինչ վերաբերում է նախաքննության փուլի տևողությանը, Վարոսյանն ասաց, որ այն մի քանի ամիս կձգվի:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին, փաստաբանը պատասխանեց, որ այդ մասին հայտնի կդառնա գործի նյութերին վերջնականապես ծանոթանալուց հետո: «Իսկ դա կարող է լինել տասն օր հետո»,- նկատեց Վարոսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, սեպտեմբերի 28-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել էր, այնուհետև` 2 ամսով կալանավորվել: Նա մեղադրվում է 240 մլն դրամ հափշտակելու համար: Խաչիկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Սկզբում Վազգեն Խաչիկյանի փաստաբանը ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ներկայիս փաստաբան Տիգրան Աթանեսյանն էր, որը պատասխանելով մեր հարցին, ասաց, որ գործից հրաժարվել է ծանրաբեռնվածության պատճառով: Մյուս փաստաբան Արմեն Սողոմոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Խաչիկյանի հետ պայմանավորվել է և այլևս չի զբաղվելու նրա գործով: «Ես իմ այլ գործերը չէի կարող կիսատ թողնել և իրենով զբաղվեի»,- փոխանցեց փաստաբանը:
Ժորա Վարոսյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ինչ-որ փուլում ինքն էլ հրաժարվի Խաչիկյանի պաշտպանությունից: «Բացառվում է, նման բան լինել չի կարող»,- վստահ նկատեց Ժորա Վարոսյանը:
Նախորդող հրապարակում. Խաչիկյանը չի ընդունում, որ 240 մլն դրամ է յուրացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում