Կրթական համաժողով Երևանում. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության»
Երևանում այսօր բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը: Երկօրյա միջոցառման կազմակերպիչն է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ է, որ համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ 9 պետությունների պատվիրակություններ` շուրջ 500 պատվիրակ:
Համագումարն ընթանում է «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո: Համագումարի նպատակն է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2010 թվականին կայացած 1-ին համնագումարի որոշումների կայացումը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների նշակումը:
Համագումարը ողջույնի խոսքով բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադրի ղեկավարը կարևորեց նման միջազգային միջոցառման անցկացումը` համագործակցության զարգացումը խթանելու համար:
Խոսելով կրթության ոլորտի առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների մասին, նա ասաց. «Ժամանակակից պետությունը չի կարող կայունանալ առանց արդյունավետ կրթության, հասարակությունը պետք է այնպես կառուցվի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինքնահաստատվել, ցույց տալ իր տաղանդը»: Վարչապետը ընդգծեց, որ պետությունները զարգացած են լինում կրթությամբ և մշակույթով, այլ ոչ թե ` տնտեսական հնարավորություններով:
Տիգրան Սարգսյանը նաև հիշատակեց Հայաստանի կրթական ոլորտում շարունակաբար իրականացվող բարեփոխումները, շեշտելով, որ ժամանակակից կրթական համակարգը պետք է կառուցվի այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարողանա հարստացնել իր գիտելիքները:
Նշենք, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում է համագումարը, կազմակերպվել է նաև Էքսպո ցուցահանդես, որը նպատակաուղղված է ԱՊՀ անդամ երկրներում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա