Փորձագետ. Թուրքական կողմի դիրքորոշումը չի բխում օբյեկտիվ իրականությունից
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Ստեփանակերտի օդանավակայանի բացումը բացասաբար կանդրադառնա Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա:
Թեմայի շուրջ մեկնաբանությունների համար Panorama.am-ը դիմեց փորձագետ Տիգրան Աբրահամյանին:
-Արդյո՞ք օդանավակայանի կառուցումը կարող է բացասական ազդեցություն թողնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա:
-Այն, որ Արցախում (Իվանյան բնակավայր) կառուցված օդանավակայանի բացումը չէր ողջունվելու ու ցնծություն չէր առաջացնելու Բաքվում և Անկարայում, սպասելի էր: Ավելին, Արցախում նկատվող ցանկացած առաջընթաց, լինի դա տնտեսական, սոցիալական, թե մեկ այլ ոլորտում, բնականաբար, այդ երկրներում նման արձագանքի է հանգեցնելու: Այնուամենայնիվ, օդանավակայանի կառուցման շուրջ մեր արևելյան և արևմտյան հարևանների կողմից բարձրացվող աղմուկի ամենամեծ պատճառը դրա ռազմավարական նշանակությունն է, ինչն անշուշտ առավել դինամիկ կդարձնի Արցախի զարգացման պրոցեսը:
Թուրքիան քաղաքական պրոցեսները տապալելու և այլոց խնդիրների միջամտելու ձախողված փորձերի հարցում առաջատար դիրքերում է: Անշուշտ թուրքական կողմի դիրքորոշումը ոչ թե բխում է օբյեկտիվ իրականությունից, այլ պարզապես թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերից: Արցախի ժողովուրդը, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ (կապ չունի այդ երկիրը ճանաչված հանրապետություն է, թե՝ ոչ), իրավունք ունի արժանապատիվ կյանքով ապրելու և իր իրավունքները լիարժեք իրացնելու:
-Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե հայկական զորքերի դուրս բերումը «օկուպացված տարածքներից» ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկիզբը կազդարարի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից մեկի առանձնացումն ու դրա հիման վրա մեկնաբանությունների արծածումը կարող են բացասական հետևանքներ ունենալ խնդրի կարգավորման բանակցությունների վրա: Այդ տեսանկյունից, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունները անընկալելի են:
-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ընդունված եզրափակիչ բանաձևում առանձնահատուկ ձևով շեշտվում էր ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին: Ինչո՞վ է պայմանավորված դա:
-Ադրբեջանը շարունակ հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում կփորձի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ավելին՝ պաշտոնական Բաքուն սպառազինության գնման համար գումար չի խնայում: Իսկ խնդրի ռազմական կարգավորումը ոչ մի կերպ չի տեղավորվում միջնորդ երկրների հետաքրքրությունների սահմաններում և ընկալելի չէ միջազգային հանրության կողմից: Հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացվող այլատյացության քաղաքականությունն ինքնին Արցախի ժողովրդին անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Այս տեսանկյունից, միջազգային կազմակերպությունը մեկ անգամ ևս հիշեցնում ու զգուշացնում է խնդրի լուծման իր պատկերացումների՝ խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: