Սրվել են Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի հարաբերությունները
«168 ժամի» տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները:
Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:
«Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը նույնքան հետևողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը»,- գրում է թերթը:
Կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի և Զուրաբյանի միջև հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի, մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը` այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից:
Թերթը հիշեցնում է, որ նախօրեին կայացած ասուլիսում Լևոն Զուրաբյանը չէր հերքել, որ ինքը հակասություններ է ունեցել ՀԱԿ-ի բազմաթիվ անդամների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ: