Եվրոպական դատարան. Տեր-Պետրոսյանի ընտրական իրավունքը չի խախտվել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ այս տարվա մայիսին մերժել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած հայցի մի քանի կետերը, իսկ դրանց մի մասի քննարկումն էլ հետաձգել էր մինչև Հայաստանի կառավարությունից հարցման պատասխանն ստանալը: Այդ մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջում տեղադրված որոշումից:
Մասնավորապես, ՄԻԵԴ-ը անընդունելի էր համարել Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումներն այն մասին, որ 2008-ի մարտյան դեպքրեի ժամանակ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածները: Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, նաև որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ինքնին խախտում էր իր իրավունքնեը՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված: Եվրոպական դատարանը անհիմն է համարել նաև այդ պնդումը:
Եվրադատարանը, սակայն, առայժմ որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդման առնչությամբ, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ: Եվրադատարանի որոշմամբ, Տեր-Պետրոսյանի այդ պնդումները լրացուցիչ քննարկման կարիք ունեն կառավարության հետ:
Այս առնչությամբ, Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ այս փուլում Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ներկայացնել իր դիրքորոշումն ընդամենը այս երկու հարցերի նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու փաստով և միավորման իրավունքի, արդյունավետ բողոքարկման իրավունքի երաշխավորման մասով:
Նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ը անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների և ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքը: Դատարանը փաստորեն անհիմն և փաստական հանգամանքներից զուրկ է համարել նրա այդ պնդումը:
Ինչ վերաբերում է կառավարության հետ քննարկմումներին, ապա դատարանի կողմից ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 7-ը:
«Մենք կներկայացնենք մեր փաստարկները, որոնք կրկին հիմնավորում են, որ տնային կալանքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները բացարձակ անհիմն են և փաստական որևէ հանգամանքներից զուրկ: Դա ոչ թե տնային կալանք է եղել, այլ իր անվտանգության երաշխավորմանն ուղղված գործընթաց: Այն հանգամանքը, որ դատարանն այս հարցում որոշում չի կայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկների հիման վրա, այլ անհրաժեշտ է համարել կառավարության հետ լրացուցիչ քննարկել, ինքնին հիմնավորում է այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները միանշանակ չեն»,- ասել է Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում, անդրադառնալով այդ հարցին, գրել էր. «Պարզվում է՝ կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Այս մասին թերթի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, նշելով, որ ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել՝ մինչև նոյեմբերի 5-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները