«ԱրմենՏել»-ը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում
«ԱրմենՏել» ընկերությունը համաձայն չէ ՏՄՊՊՀ-ի որոշման հետ, քանի որ այն կայացվել է մեկ բաժանորդի բողոքի հիման վրա, ինչը ոչ օբյեկտիվ մոտեցում է»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը և հավելեց. «Մենք համարում ենք, որ ՏՄՊՊՀ-ն կողմնակալ մոտեցում է ցուցաբերել»:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն այսօրվա նիստում քննեց «Ալիաս» ընկերության դիմում-բողոքը: Ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից:Ըստ «Արմենտելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա: «Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90 դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:
Արդյունքում, «ԱրմենՏելի» վարքագիծը ՏՄՊՊՀ-ն որակեց անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար ընկերության հանդեպ կիրառվել տուգանք՝ 30 մլն դրամի չափով:
Ա.Բեղլոյանի խոսքերով՝ Հանձնաժողովը պետք է սեփական ուսումնասիրությունը կատարեր՝ պարզելու, թե որքանով է այս կամ այն բողոքն անդրադառնում առողջ մրցակցության վրա: «Հանձնաժողովի հիմնական առաքելությունը կայանում է նրան, որպեսզի նպաստի երկրում առողջ մրցակցության կայացմանը, և բաժանորդների շահերի պաշտպանությունն իրականացնի նաև առողջ մրցակցության տեսակետից»,- նշեց նա:
Ըստ նրա՝ բաժանորդի հիմնական պատճառաբանությունն այն էր, որ չնայած ինքն այսօր օգտվում է «ԱրմենՏել»-ի ավելի արդյունավետ սակագնային փաթեթից, սակայն համարում է, որ կորցրել է 5 հազար դրամ, քանի որ իր 6 հեռախոսներից մեկի վրա կարգավորում չի կատարվել: «30 մլն դրամը մեզ համար այնքան մեծ գումար չէ, քանի որ «ԱրմենՏել»-ը պետական բյուջե շատ ավելի մեծ գումարներ է վճարում: Սակայն մեզ մտահոգում է այն, որ պոպուլիստական ձևով կայացված որոշումները թյուրիմացության մեջ են գցում սպառողներին: Մեկ բողոքի վրա հիմնվելով Հանձնաժողովը որոշում է կայացնում՝ դրանով խոչընդոտելով տնտեսական մթնոլորտը»,- ասաց նա: Միաժամանակ նշեց, որ ընկերության իրավաբանական ծառայությունը ուշադիր հետևում է Հանձնաժողովի կողմից կայացված այլ որոշումներին: Ըստ Ա.Բեղլոյանի՝ իրենք կարծում են, որ ՏՄՊՊՀ-ն այստեղ էլ պատշաճ գործունեություն չի իրականացնում և ավելի շատ վարույթ է հարուցում եզակի բողոքների հիման վրա:
Նա նշեց նաև, որ Հանձնաժողովի այսօրվա նիստում ընկերության ներկայացուցիչները ներկա չեն եղել, քանի որ պատշաճ ձևով ծանուցում չեն ստացել: «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի խոսքերով՝ մամուլից են միայն տեղեկացել, որ ՏՄՊՊՀ-ն այսօր «ԱրմենՏելի»-ի դեմ բողոքի հիման վրա կայացնելու է որոշում:
Ա.Բեղլոյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ ընկերությունը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ուստի ՏՄՊՊՀ-ի որոշումը ստանալուց հետո որոշակի քայլեր կիրականացնեն: «Ամենայն հավանականությամբ ընկերությունը կվիճարկի այդ որոշումը դատարանում»,- ասաց Ա.Բեղլոյանը: