Է. Մինասյան. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը` սթափեցնող կոչ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը, թե ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում չի սատարելու ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին, նախնական է ու սթափեցնող կոչ է:
Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Կարծում եմ` ուզում էին ուղղակի հասկացնել, որ այլևս չեն ցանկանում խաբված լինել: Սակայն չեզոքությունը, պասիվ մասնակցությունը դրական արդյունք չի կարող տալ: Ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր է արդյունքի հասնել»,- ասաց նա` հավելելով, որ կողմնակից է, որ որևէ մեկին սատարեն: Միաժամանակ Է. Մինասյանը նշեց, որ ռեալ չէ մտածել, որ Օբաման առաջիկայում կարտասանի «Ցեղասպանություն» բառի, քանի որ, եթե ցանկանար արտասաներ, նախագահության հինգ տարիների ընթացքում արդեն արած կլիներ:
Խոսելով, ընդհանրապեա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նա նշեց, որ արդեն այնքան կարևոր չէ «Ցեղասպանություն» բառի արտասանությունը, այլ անհրաժեշտ է խնդրի մասին բարձրաձայնել միջազգային ատյաններում ու ճանաչողությունից անցում կատարել պահանջատիրության: Պատմաբանի խոսքով, հայ մասնագետները պետք է պատրաստեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ու դիմեն Եվրադատարան: «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթեր»,- նշեց Է. Մինասյանը: