Գրքի շնորհանդես. Ադրբեջանը կիրառել է խեղաթյուրելու կոմունիստական ու պանթուրքիստական բոլոր հնարավոր ռազմավարությունները
Ի պատասխան շուրջ կես դար ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների, լույս է տեսել «Ադրբեջանական պատմաաշխարհագրական զեղծարարությունները» աշխատությունը, որի հեղինակն է պատմաբան Ռուբեն Գալիչյանը:
Այսօրվա շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում ադրբեջանական զրպարտանքը հասել է ահռելի չափերի ու չափազանցությունների, իսկ աշխատությունը կներկայացնի խեղաթյուրվող իրականությունը:
«Այս աշխատությունում անդրադառնում եմ հիմնախնդիրներին, թե ինչու եղավ այսպես: Քննարկվում են այն պատմական, աշխարհագրական ու ազգագրական կեղծքիները, որոնք կիրառել են Ադրբեջանի պատմաբաններն ու աշխարհագրագետները՝ քննարկելով դրանց դրդապատճառները և միջոցները: Հատուկ ուշադրության են արժանացել Հայաստանի և Իրանի տարածքների նկատմամբ ունեցած ադրբեջանական նկրտումները», - ասաց նա:
Բանախոսը շեշտեց, որ` Ադրբեջանը, որպես միակ խորհրդային հանրապետություն, որը հիմնված չէր ազգային ինքնության վրա, սկսած 1918 թ. իր ծննդյան օրվանից, հակառակ գոյություն ունեցող պատմական ու աշխարհագրական փաստերի ու իրողությունների, իր ազգային էթնոսն ու մշակույթը կերտելու համար կիրառել է խեղաթյուրելու կոմունիստական ու պանթուրքիստական բոլոր հնարավոր ռազմավարությունները:
«Երբ հիմնվեց ԽՍՀՄ-ը, առաջին հերթին կարգադրվեց, որ բոլոր հանրապետությունները պետք է ունենան իրենց պատմությունն ու մշակույթը: Ադրբեջանը, որը ստացավ այդ անվանումը, տարբեր ցեղերի հավաքածու էր։ Տեղի ժողովուրդն իրեն կոչում էր թուրք կամ թաթար, բայց ոչ` ադրբեջանցի։ Իշխանությունները սկսեցին փնտրել հնագույն պատմություն ու մշակույթ` հետևելով Ստալինի քաղաքականությանը։ Երբ նավթի եկամուտները շատացան` սկսեցին կեղծ պատմություն հորինել։ Նրանք պնդում են, որ աղվաններն իրենց նախահայրերն են»,-ասաց պատմաբանը` զարմանք հայտնելով, թե ինչպես մի ազգ, որը պնդում է, թե 5000 տարվա պատմություն ունի, մինչ օրս չունի իր գիրը:
«Արաբատառից անցում կատարվեց ռուսատարին, ապա` լատինատառին։ Երիտասարդները չեն կարողանում կարդալ բնագիր, այն դեպքում, որ աղվաներն ունեն այբուբեն և կա տեսակետ, որ այն Մաշտոցն է ստեղծել։ Մեզ հասել են քարի վրա արված նմուշներ և մագաղաթ` վրացերենով, որի տակ աղվաներեն է։ Նրանք պնդում են, որ հայերն են փոխել աղվանական գիրը` մոռանալով իրենց մեկ այլ պնդման մասին, որ այդ ժամանակաշրջանում հայերը գոյություն չեն ունեցել» - նշեց նա:
Ռ.Գալեչյանի հուսով է, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա նաև Լոնդոնում` այն էլ Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ: Նրա խոսքով, դեսպանատները գիրքը պետք է տրամարդեն տարբեր միջազգային կազմակերպությունների:
«Ես նաև շուրջ 200 համալսարանի ցուցակ ունեմ, որ նրանց ուղարկում են իմ գրքերը»,- ասաց նա և հավելեց. «Եթե դրան հակառակ ոչինչ չկա` ինչի՞ն պետք է հավատա օտարը»:
Գիրքը անգլերեն է և ներառում է անտիկ, եվրոպական միջնադարյան և իսլամական քարտեզները, անդրադառնալով դրանց մեջ Ադրբեջանի բացակայությանը, ընդհուպ մինչև 1918 թ.: Ընդհանուր առմամբ ներկայացված է 56 քարտեզ: Գրքի տպաքանակը 25000 օրինակ է, այն արդեն կա մի շարք գրադարաններում, այդ թվում և Հարվարդի գրադարանում։
Նշենք, որ հեղինակի առաջին աշխատությունը լույս է տեսել 2004 թ.-ին՝ անգլերենով հրատարակված «Հայաստանի պատմական քարտեզները»: Դրան հաջորդել են «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» հայերեն և ռուսերեն լեզուներով գիրքը, (2005 թ.), «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան»,( 2007 թ.,) և «Պատմության հորինումը» անգլերեն գիրքը, որի հայերեն և ռուսերեն տարբերակն է 2009-2010 թթ. հրատարակված «Հորինված պատմություն. Հայաստան և Ադրբեջան. Կեղծիքներ և փաստեր» գիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները